Ուկրաինան և ՌԴ-ն  համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղական հրադադարի շուրջ

Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել տեղական հրադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմակայանը սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը վերականգնելու համար։

Այս մասին հաղորդում է ՌԲկ-Ուկրաինան՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության X-ի պաշտոնական էջում արված  գրառմանը։

«ՄԱԳԱՏԷ-ի  միջնորդությամբ կնքված ևս մեկ տեղայնացված հրադադար ուժի մեջ է մտել, որը թույլ է տալիս վերականգնել Զապորոժիեի Ատոմակայան 330 կՎ լարման պահուստային էլեկտրամատակարարումը», – հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ն։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նաև հայտնել է, որ վերանորոգման աշխատանքների իրականացման տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները, որոնք պետք է ապահովեն վերանորոգման խմբերի անվտանգ մուտքը։

Նշենք, որ վերջին ամիսներին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մի քանի տեղական հրադադարներ են հայտարարվել, որոնց ընթացքում վերանորոգման խմբերը վերականգնել են վնասված էլեկտրահաղորդման գծերը։ Մարտական  գործողությունների  պատճառով վերջին պահուստային 330 կՎ էլեկտրահաղորդման գիծն անջատվել է, և կայանը այժմ կախված է միայն մեկ գործող 750 կՎ գծով։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Զապորոժեի ԱԷԿ-ում նորոգման աշխատանքները կտևեն առնվազն մեկ շաբաթ։

Հրադադարի  այս ժամանակավոր համաձայնությունը ԱԷԿ-ի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից կնքված հինգերորդ համաձայնագիրն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment