Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 3-ամյա աղջիկ է

Քաղաքականություն

27.02.2026 | 14:57

Ռուսական զորքերը փետրվարի 27-ի գիշերը հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 3 տարեկան մի աղջիկ և 44-ամյա մի տղամարդ, երկուսն էլ հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։

Փետրվարի 27-ի առավոտյան ռուսական ուժերը հարված են հասցրել Սումիի կենտրոնում գտնվող հյուրանոցին: Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Ռուսաստանը երկրորդ հարվածն է հասցրել առաջին հարվածից հետո, երբ փրկարարները աշխատում էին տեղում: Ոչ ոք չի տուժել, մոտ 50 մարդ տարհանվել է հյուրանոցից:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը փետրվարի 27-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 187 անօդաչու թռչող սարք, որոնցից 165-ը խոցվել է։ Գրանցվել է 20  անօդաչու թռչող սարքի  հարված  14 վայրերում։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

Leave a comment