ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին


ՀՀ Կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Մասնավորապես, սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝


  • ստացվող վարկերի գումարները,

  • ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),

  • մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

  • և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։


Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․


  • ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

  • ստացվող փոխառությունների գումարները,

  • գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

  • աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

  • ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

  • ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:


Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։


Ի դեպ, հայտարարատուները, ցանկության դեպքում, կարող են հայտարարագրել իրենց չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։


Ուշադրություն. հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Դիտումների քանակ5

Leave a comment