Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում. այն համարում է քաղաքական հետապնդում։
«Վերահաստատում եմ այն, որ ինձ առաջադրված մեղադրանքները չեմ ընդունում։ Այն համարում եմ բացառապես քաղաքական հետապնդում, որի նպատակն է ոչ թե արդարադատությունը, այլ իմ քաղաքական գործունեության կասեցումը։ Ես այստեղ չեմ եկել արդարություն հայցելու։ Մենք գիտենք, որ այս դատարանում որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տառով, այլ ինչ-որ քաղաքական վերնախավի կաբինետներում։
Ես պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց գիտենք՝ անմեղությունը ապացուցելու համար պետք է լինի արդարություն, մինչդեռ մենք այս ութ ամիսների ընթացքում համոզվեցինք, որ այս դատարանում արդարություն չկա։
Իմ «հանցանքը» մեկն է՝ ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ, ներկայացնում եմ մի մարդ, որը երբեք չի հանձնվել և չի լռել»,- ասել է նա։