Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները

Քաղաքականություն

26.02.2026 | 19:14

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է այն պնդումները, որ Անկարայի կողմից գնված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կուղարկվեն Սոմալի, գրում է Turkiye today-ը։

C-400 համակարգերը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանից այն բանից հետո, երբ Թուրքիան չկարողացավ գնել ԱՄՆ-ում արտադրված Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, տարիներ շարունակ մնում են քննարկման առարկա։ Գնումից հետո Թուրքիան հեռացվեց F-35-ի ծրագրից և ինքնաթիռների մատակարարումները դադարեցվեցին։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվում էին  տեղեկություններ որոնց համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված, բայց  չտեղակայված C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կփոխանցվեն Սոմալիին։ Թուրքիայի պաշտպանության նախարարը շաբաթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այդ պնդումներին՝ նշելով, որ նման ծրագրեր չեն քննարկվում։

Իր հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Թուրքիայի և Սոմալիի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում իրականացվող գործողությունները վճռականորեն շարունակվում են։

Այս ջանքերը նպատակ ունեն աջակցելու Սոմալիի զինված ուժերի կազմակերպմանը և ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև պաշտպանելու Սոմալիի տնտեսական ռեսուրսները և պաշտպանելու Թուրքիայի ազգային շահերը։

Նախարարությունը վերահաստատել է, որ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք են բերվել Թուրքիայի զինված ուժերի գործառնական կարիքներին համապատասխան և մնում են պատրաստ ծառայության։

«C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի Սոմալիում կիրառման որևէ պլանավորում չկա», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment