Իսկանդարյան. Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են (ԲԱՑԱՌԻԿ)

Հայ-ռուսական հարաբերությունները բավականին բարդ են և գտնվում են ճգնաժամային վիճակում. «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը


ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները բավականին բարդ են և գտնվում են ճգնաժամային վիճակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։


Քաղաքագետի խոսքով՝ ճգնաժամը զարգանում է 2020 թվականից, ընդ որում՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներում դրա դրսևորումները տարբերվում են։


«Անվտանգության ոլորտում, որտեղ Ռուսաստանը փաստացի մենաշնորհ ունեցողի դերում էր մինչև 2020 թվականը, փոխգործակցությունն այժմ փաստացի հասցված է զրոյի։ Անվտանգության ոլորտում համագործակցության որոշ ձևեր, օրինակ՝ սպառազինության մատակարարումները, գործնականում չեն աշխատում։ Անվտանգության ապահովման քաղաքական այլ մեխանիզմները գործում են շատ թույլ»,- ասել է Իսկանդարյանը։


Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը, ընդհակառակը, զարգանում է։


«Այժմ մենք գտնվում ենք մի փուլում, երբ ներքին քաղաքականությունն ազդում է արտաքինի վրա, ինչն անդրադառնում է երկկողմ հարաբերությունների վրա։ Հիմնականում դա դրսևորվում է երկխոսության ոլորտում։ Եթե նայենք գլոբալ առումով, կարևոր է, որ հարաբերությունները գտնեն իրենց մոդուսը, ինչի համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները»,- նշել է նա։


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել էր Հայաստանի գործողությունները՝ ի վնաս Ռուսաստանի շահերի, սակայն առաջնահերթություն էր անվանել գործողությունները հանուն Հայաստանի շահերի։


2024 թվականի մարտին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից սպառազինության մատակարարումների մասնաբաժինը Հայաստանի բոլոր ռազմատեխնիկական գնումների մեջ 96%-ից նվազել է մինչև 10%-ից պակաս։ Նրա խոսքով՝ նախկինում մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի որոշումներն ուղղակիորեն ազդում էին Հայաստանի պաշտպանունակության վրա, իսկ այժմ երկիրը փնտրում է նոր աղբյուրներ և դիվերսիֆիկացնում զենքի մատակարարումները։


 

Leave a comment