Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։
Ըստ այդմ՝ բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետեւյալ շահառուների բանկային քարտերը․
• 85 տարին լրացած անձինք,
• անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք,
• 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց,
• անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։
Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։
2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափով՝ բացառապես անկանխիկ եղանակով։