Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios

Axios-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, մանրամասներ է հրապարակել Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից, որի մասին ավելի վաղ հայտնել էին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը և Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ առաջին անգամ է խոսել հունվարի վերջին Դավոսում կայացած հանդիպումից հետո։ Զրույցը տևել է 30 րոպե։ Axios-ի երեք աղբյուրներ նշել են, որ  այն անցել է բարեկամական և դրական մթնոլորտում։

Թրամփի հատուկ  բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները նույնպես մասնակցել են հեռախոսազրույցին։ Երկուսն էլ հինգշաբթի օրը կլինեն Ժնևում, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ։

Քուշները և Ուիթկոֆը կարող են նաև հանդիպել Ժնևում Ռուսաստանի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ, Axios-ին ասել է  աղբյուրներից մեկը։ Այդ  մասին նախկինում հայտնել էր ռուսական պետական ​​լրատվական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրի։

Աղբյուրների համաձայն՝  Զելենսկին, ինչպես միշտ, շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել, որ միայն Ամերիկայի նախագահը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։

«Այնուհետև Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, իսկ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել, և ինքը կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից»,- պատմել է Axios-ի աղբյուրներից մեկը։
Սպիտակ տունը չի արձագանքել Axios-ի մեկնաբանության խնդրանքներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին։

«Մեր թիմերը հիմա եռանդուն աշխատում են, և ես շնորհակալություն եմ հայտնել նրանց բոլոր ջանքերի և բանակցություններին ու պատերազմը դադարեցնելու աշխատանքներին նվիրվածության համար։ Մենք նաև մեծապես գնահատում ենք PURL ծրագիրը։ Այս ձմեռը ամենադժվարն է Ուկրաինայի համար, բայց ԱՄՆ-ից մեր կողմից ձեռք բերված հակաօդային պաշտպանության հրթիռները շատ օգտակար են այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու և կյանքերը պաշտպանելու համար», – գրել էր նա սոցցանցերում։

«Մենք քննարկեցինք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին կայանալիք եռակողմ բանակցային խմբերի հաջորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ Հուսով ենք, որ սա հնարավորություն կտա անցնելու ղեկավարության մակարդակով բանակցությունների։ Նախագահ Թրամփն աջակցում է քայլերի այս հաջորդականությանը։ Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», – հավելել էր  Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment