2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմակայան»․ այս հայտարարությունից հետո տեղեկատվական տիրույթում ակտիվացան Հայաստանի՝ Արևմուտքի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ բազմաթիվ մանիպուլյատիվ ու կեղծ թեզեր։
«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս այդ ժամանակ ամփոփել էր ռուսամետ քարոզչական ռեսուրսների ու էներգետիկ ոլորտի փորձագետներ ներկայացող անձանց կողմից շրջանառվող նարատիվները։
Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին այս հին թեզերը նորովի ակտիվացան արդեն 2026 թվականի փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի կողմից «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրումից հետո։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը հասանելիություն է տալիս Հայաստանին՝ ԱՄՆ-ի մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվությանը։
| «Այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն` որևէ մեկը չգիտի, թե մոդուլյար ռեակտորները ԱՄՆ-ում հասունության ինչ մակարդակի են հասել։ Այն տեղեկատվությունը, որ հնարավոր էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, սակայն քանի որ այդ ունեցած տեղեկատվության վերաբերյալ մեր հետաքրքրությունը բավականին մեծացել է, ու ԱՄՆ հետ էլ հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք մեկ-երկու համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ԱՄՆ-ն մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք» |
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է թեմայի վերաբերյալ կեղծ ու մանիպուլյատիվ 4 պնդում։
Պնդում #1. «Ատոմակայանը փակում են դրսի ուժերի պահանջով»
Մեծամորի գործող ատոմակայանի փակման վերաբերյալ մի շարք հին թեզեր դաշտ նետվեցին Վենսի այցին ընդառաջ․ դրանցից ամենատարածված մանիպուլյացիան այն էր, թե գործող իշխանությունն է ստանձնել ատոմակայանը փակելու պարտավորությունը տարբեր երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ճնշման ներքո։
Թեման Վենսի այցի նախօրեին դաշտ նետեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
| «Ես գիտեմ, որ մեր թշնամիները ուզում են, որ մեր ատոմակայանը փակեն, իսկ մեր իշխանությունները կատարում են այդ պահանջը․․․Այսինքն ինչ են ուզում անել մեր իշխանությունները, ինչ ա թե ատոմակայանը, որը ՌԴ-ի կողմից է սնուցվում, փակեն, որովհետև տենց են ուզում՝ Արևմուտքը տենց ա ուզում, Թուրքիան տենց ա ուզում, Ադրբեջանը տենց ա ուզում, ասում են ախպեր մենք կդնենք մոդուլային»: |
Իր հերթին, 5-րդ ալիքը Վենսի այցից առաջ պատրաստված «Ատոմակայանը փակելու համա՞ր է Վենսը գալիս Երևան» վերտառությամբ ռեպորտաժի շրջանակում զրուցել է էներգետիկ փորձագետ ներկայացվող Արմեն Մանվելյանի հետ։ Վերջինս պնդել է, թե գործող իշխանությունը «Բաքվի ու Անկարայի պահանջով է փակում ատոմակայանը»։
| «Ու քանի որ ատոմակայանը փակում են, որպես կոմպենսացիա Հայաստանը փորձում է ցույց տալ, որ իրանք կբերեն մոդուլային ատոմակայաններ կկառուցեն»։ |
Ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ
- Ինչո՞ւ է փակվում ՀԱԷԿ-ը
Մեծամորի ԱԷԿ-ի գործող ռեակտորը պատկանում է խորհրդային վաղ սերնդի ВВЭР-440/230 շարքին, որը նախագծվել է 1960-70-ականներին և սկզբնապես չի ունեցել հստակ շահագործման ժամկետ։ Այս նույն մոդելի էներգաբլոկները ժամանակին շահագործվել են մի շարք երկրներում (Գերմանիա, Բուլղարիա, Սլովակիա և Ռուսաստան 1,2), սակայն դրանք ամբողջությամբ փակվել են 1990-2019 թվականներին՝ հիմնականում անվտանգության և ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Արդյունքում, այսօր Մեծամորի ատոմակայանը եզակիներից է, որտեղ դեռ գործում է ВВЭР-440/230 սերնդի ռեակտոր, մինչդեռ մյուս երկրներում այդ հին ատոմակայանները փակվել են բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։
- ՀԱԷԿ-ը փակելու հարցը նոր չէ
Հայաստանում անկախությունից ի վեր է քննարկվում Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) փակելու և նոր ատոմակայան կառուցելու հարցը․ 2012 թվականին Մեծամորում նախընտրական ելույթի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 1995-ից Հայաստանը շատ լուրջ բանակցություններ է վարել Ֆրանսիայի հետ նոր 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցելու համար։
2005 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի իշխանության տարիներին «գույք պարտքի դիմաց» պայմանագրով ՀԱԷԿ-ը շահագործման հանձնվեց ռուսական կողմին, ելույթ ունենալով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների առջև, հայտարարել էր․ «Ես չեմ բացառում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։ Իսկ 2007 թվականին հայտարարել էր․ «Ենթադրում եմ, որ 2012-2013 թվականներին գործնական աշխատանքներ կսկսվեն նոր ատոմակայանի հետ կապված կամ առկա ատոմակայանի արդիականացման հարցում»։
2008 թվականի հոկտեմբերին՝ ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել։ Հարցնում եք` կկարողանանք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։
- ՀԱԷԿ-ը փակելու պարտավորությունը Սերժ Սարգսյանն է ստանձնել
2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Հայաստանն ու Եվրոպական միությունը կնքեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA), որում ի թիվս տարբեր այլ ոլորտների՝ կային նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ դրույթներ։
Համաձայնագրի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի 2-րդ ենթակետում արձանագրվում է, որ կողմերը պետք է համագործակցեն Մեծամորի ատոմակայանի անվտանգ փակման շուրջ։
«Մեծամորի ատոմակայանի փակումն ու դրա անվտանգ ապամոնտաժումը, ինչպես նաև այդ ուղղությամբ գործողությունների ծրագրի կամ ճանապարհային քարտեզի նախապես ընդունումը՝ հաշվի առնելով դրա փոխարինումը նոր արտադրական հզորություններով՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմանները»,- ասվում է համաձայնագրում։
- Հայկական ատոմակայանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի թիրախում
Թուրքիան և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ տարբեր մակարդակներում բարձրացրել են հայկական ատոմակայանի փակման հարցը՝ կեղծ ու մտացածին վտանգներ վերագրելով դրան։ Սակայն այդ կոչերը երբևէ չեն ազդել միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշման վրա․ մասնավորապես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հայտարարություններն ու փորձագիտական գնահատականները չեն հաստատել այս երկրներից հնչող կեղծ մտահոգությունները։
Սրան զուգահեռ, գործող կառավարությանը հաջողվել է երկու անգամ՝ առաջինը մինչև 2026 թվականը, և երկրորդը՝ մինչև 2036 թվականը երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործումը. ակնհայտ է, որ ատոմակայանը ինչպես որևէ այլ մեխանիզմ չէր կարող հավերժ աշխատել։
Վճիռ․ Հայկական ատոմակայանը փակվելու էր, քանի որ այն որպես հին մեխանիզմ չի կարող գործել հավերժ ու անվտանգ։ Ատոմակայանը նորով փոխարինելու անհրաժեշտությունը եղել է ՀՀ բոլոր ղեկավարների ուշադրության կենտրոնում՝ անկախ թուրք-ադրբեջանական կողմի ճնշման փորձերից։
Սրան զուգահեռ, գործող իշխանությունը ԱԷՄԳ-ի հետ փոխհամաձայնությամբ երկու անգամ երկարաձգել է ատոմակայանի ժամկետը՝ մինչև նորի կառուցումը։ Հետևաբար պնդումները, թե ՀՀ իշխանությունը խնդիր է դրել փակել ատոմակայանը «թուրքադրբեջանական» պահանջով, կամ հանուն ՀՀ-ում ռուսական ազդեցության նվազման, կեղծ են։
Պնդում #2. «9 միլիարդ դոլար ենք վճարելու ամերիկյան մոդուլային ռեակտորի համար»
Վենսի այցից հետո մի շարք փորձագետներ ու քաղաքական գործիչներ դաշտ նետեցին թեզը, թե իբր ԱՄՆ-ն Հայաստանում կառուցելու է 9 միլիարդ դոլար աժեքով մոդուլյար ատոմակայան։
Այս թեզը դաշտ նետվեց 5-րդ ալիքի կողմից, որը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վենսի այցի վերաբերյալ մեկնաբանությունների հիման վրա պնդել էր, թե Հայաստանում հնարավոր կառուցվելիք ամերիկյան մոդուլյար ատոմակայանի արժեքն է 9 միլիարդ դոլար։
Ռեպորտաժում լրագրողը հիմնովին կեղծ ու մտացածին պնդում է անում։
| «Ստացվում է՝ Վենսի հրապարակած գայթակղիչ թվերը Ատոմակայանի գործարքի կայացման դեպքում հոսանքի սակագների մեջ են մտնելու։ 9 միլիարդը Հայաստանի բնակչության թվին՝ 3 միլիոնի է բաժանվելու՝ ամեն մեկիս ուսերին ավելացնելով 3000 դոլար պարտք»։ |
Էներգետիկ փորձագետ հանդես եկող Մանվելյանն էլ, դարձյալ նույն հեռուստաալիքի հետ զրույցում պնդում է արել, թե 5 միլիարդի ատոմակայանն է արժենալու, «ապա վճարի ևս 4 միլիարդ դոլար դրա ծառայությունների և վառելիքի համար»։
Նույն պնդումն արել են քաղաքագետներ ներկայացող Գրիգոր Բալասանյանը և Ալեն Ղևոնդյանը AlphNews-ի եթերում։
| «Նրանք մեզ հնարավորություն են տալիս օգտվելու ինչ-որ տեխնոլոգիայից, որի համար վճարելու են ովքե՞ր, մենք, էդ գումարը 9 միլիարդ ինչի մեջ ա ներառվում, ենթադրենք՝ էդ ատոմակայանը ստեղծվեց, էն սակագնի մեջ, որտեղ հայերը, Հայաստանի քաղաքացիները վճարում են իրականացնելու»: |
Կեղծ թեզը հնչել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կողմից․ «9 միլիարդը, որ հայ ժողովուրդը պետք է վճարի, որպեսզի էդ մոդելները առաջարկեն»։
| Sputnik Armenia-ի սյունակագիր, ԲՀԿ-ական Արման Աբովյանն էլ գրել է․ «․․․ Հայաստանը պետք է վճարի այդ գոյություն չունեցող «միջուկային օբյեկտի» համար. խոսքը ընդհանուր առմամբ մինչև 9 միլիարդ դոլարի մասին է։ Հայաստանի տնտեսության համար այս գումարը գրեթե հավասար է երկրի 2026 թվականի բյուջեին»։ |
Ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ
Փետրվարի 9-ին Դի Վենսը, անդրադառնալով Հայաստանի հետ միջուկային ոլորտում գործարքներին, նշել էր, որ դա ենթադրում է «նախնական մինչև 5 միլիարդ դոլարի ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։
Փաստացի, Դի Վենսը խոսել է միջուկային էներգիայի ոլորտում 5 միլիարդ դոլարի գործարքի՝ ամերիկյան տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման մասին և նշել է, որ 4 միլիարդ դոլարը ամերիկյան կողմը Հայաստանին տրամադրելու է որպես աջակցություն։
Ավելի ուշ՝ փետրվարի 10-ին, Զվարթնոց օդանավակայանում հայաստանցի լրագրողների հետ զրույցում Վենսը, ի պատասխան ներդրումների վերաբերյալ առաջացած շփոթին, պարզաբանել է, որ ԱՄՆ-ն հայկական կողմի հետ աշխատում է այնպիսի նախագծերի ուղղությամբ, որոնք մեծ ներդրումային հոսք են ապահովելու Հայաստանի համար։
| «Դրանցից [այդ նախագծերից] է խոշոր տվյալների կենտրոնը, որն արդեն սկսվել է, և որը կարող է աճել մինչև 4 միլիարդ դոլարի ներդրումների ՀՀ-ում․․․ 4 միլիարդն այն է, որը ես կարծում եմ, կարող է արժենալ նախագիծը․․․ Մենք ակնկալում ենք շարունակել դա [այդ ներդրումները]»։ |
Վճիռ․ Այսպիսով, պնդումը, թե ՀՀ-ում ենթադրաբար կառուցվելիք ամերիկյան մոդուլային ատոմակայանն արժենալու է 9 միլիարդ դոլար, հիմնովին կեղծ է։ ԱՄՆ փոխնախագահը նշել է 5 միլիարդ թիվը՝ որպես ՀՀ-ի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության արժեք, և հստակ նշել, որ երկիրը 4 միլիարդի ներդրում է անելու այլ՝ տեխնոլոգիական ոլորտում։
Պնդում #3. «ՀՀ-ն փորձադաշտ ԱՄՆ-ի համար»
Վենսի այցից հետո տարածվեց թեզը, թե Հայաստանը փորձադաշտ է, որտեղ «առաջին անգամ փորձարկվելու են մոդուլային ատոմակայանի տեխնոլոգիաներ», ինչն ունի բազմաթիվ անվտանգային ռիսկեր։
Այս թեզի շրջանակում՝ դարձյալ 5-րդ ալիքի տաղավարում Արմեն Մանվելյանը պնդել է, թե ԱՄՆ-ում փորձարկված մոդուլային ատոմակայանի տեխնոլոգիան արգելվել է անվտանգային խնդիրների պատճառով, և Հայաստանը կառուցելու է աշխարհում արգելված տեխնոլոգիայով ատոմակայան։
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներից մեկն էլ 24news.am-ի տաղավարում նշել է, թե ԱՄՆ-ի համար Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցումն ունի փորձնական բնույթ և առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում։
Ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ
«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրներում մշտադիտարկմամբ չկարողացավ գտնել Մանվելյանի՝ ԱՄՆ-ում որևէ ընկերության ներկայացրած մոդուլային ատոմակայանի տեխնոլոգիայի արգելման մասին հավաստող փաստեր․ հատկանշական է, որ ինքը՝ Մանվելյանը ևս չի նշում տեխնոլոգիան հավաստագրման ներկայացրած որևէ ընկերություն կամ մոդուլային ռեակտորի հստակ նախագիծը։
- ԱՄՆ-ում լիցենզավորված առաջին տեխնոլոգիան արգելված չէ
Այսպես, FIP.am-ը դեռևս նախորդ տարի անդրադառնալով թեմային գրել էր՝ աշխարհում՝ այդ թվում նաև ԱՄՆ-ում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք մշակում և լիցենզավորման են ներկայացնում մոդուլային ատոմակայանի տեխնոլոգիաներ․ ԱՄՆ-ում նման առաջին լիցենզավորված մոդուլային նախագիծը NuScale Power-ն՝ հզորությունը՝ 77 ՄՎտ մեկ մոդուլի համար։ Այս տեխնոլոգիան թույլատրված է ԱՄՆ-ում, և չկան ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի կողմից դրա կիրառումը անվտանգության խնդիրների հետևանքով արգելելու մասին փաստեր։
- NuScale Power-ի նախագիծը դադարեցվել է ֆինանսական, ոչ թե անվտանգային խնդրի պատճառով
Համաձայն միջազգային աղբյուրների՝ NuScale-ի մոդուլային ատոմակայանի առաջին նախագիծը դադարեցվել է հիմնականում ֆինանսական-նախագծային ծախսերի բարձրացման հետևանքով։ Չնայած սրան՝ շարունակում է համագործակցել և՛ տեղական, և՛ միջազգային գործընկերների հետ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան առաջ մղելու ուղղությամբ։
- ԱՄՆ տեխնոլոգիան արդեն իսկ գործարկվել է մի քանի երկրներում
Ամերիկյան NuScale-ի մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի հիման վրա ատոմային էներգիա զարգացնելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է համագործակցություն է սկսվել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Հարավային Կորեայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռումինայի, Գանայի, Ղազախստանի հետ։
Վճիռ․ Այսպիսով, ԱՄՆ-ն ունի լիցենզավորված մոդուլային տեխնոլոգիա, որի հիման վրա առաջին ատոմակայանի նախագիծը չեղարկվել է բացառապես ֆինանսական և ոչ թե անվտանգային խնդիրների հետևանքով։ Այս տեխնոլոգիայի հիման վրա միջուկային էներգիայի զարգացման համագործակցություն են արդեն իսկ սկսել մի շարք երկրներ։ Հետևաբար ԱՄՆ-ի տեխնոլոգիայի՝ անվտանգության խնդիրների բերումով արգելված լինելու կամ դրանք առաջին անգամ Հայաստանում փորձարկելու պնդումները կեղծ են։
Պնդում #4. «Ռուսական տեխնոլոգիան ավելի էժան»
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը թիրախավորող հաջորդ թեզը մոդուլյար ատոմակայանների անարդյունավետության մասին պնդումներն են, որոնք հաճախ համեմվում են այս տեխնոլոգիայի վերաբերյալ սխալ տեխնիկական նկարագրերով, և որպես հակադրություն, որպես առաջատար և անայլընտրանք տարբերակ են ներկայացվում ռուսաստանյան ВВЭР-1200 ռեակտորները։
Ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ
- Ոչ թե 50, այլ 300 ՄՎտ
Արմեն Մանվելյանը 5-րդ ալիքի եթերում պնդում է, թե իբր մոդուլյար կայանները կարող են առավելագույնը մինչև 50 ՄՎտ հզորություն ունենալ, մինչդեռ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սահմանում է, որ մեկ մոդուլյար ռեակտորը կարող է ունենալ ընդհուպ մինչև 300 ՄՎտ հզորություն․ համեմատության համար հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի հզորությունը 440 ՄՎտ է։
- Որտե՞ղ են և որքանո՞վ են կառուցվում ВВЭР-1200 ռեակտորները
Ռուսական ВВЭР-1200 ռեակտորներով ատոմակայաններ աշխարհում կառուցվում են բազմաթիվ երկրներում․ հատկանշական է, որ դրանց բոլորին միավորում է մեծ տարածքը, բարձր պահանջարկով էլեկտրաէներգիայի մեծ շուկան։ Այդ երկրների շարքում են՝ Թուրքիան (Աքքույու ատոմակայան, 4 ռեակտոր, 22 միլիարդ դոլար), Եգիպտոսը (4 ռեակտոր, 33 միլիարդ դոլար), Չինաստանը (6 ռեակտոր, 19․5 միլիարդ դոլար)։
- ՌԴ-ն չի հայտարարել ՀՀ-ին անվճար ատոմակայան նվիրելու մասին
ՀՀ-ԱՄՆ միջուկային էներգիայի ոլորտում գործակցությունը թիրախավորելիս, բանախոսները նշում են, որ նոր ամերիկյան ատոմակայանը շատ թանկ է արժենալու ՀՀ քաղաքացիների վրա՝ առաջարկելով ռուսական այլընտրանքը։ Մասնավորապես, Անդրանիկ Թևանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պնդել է, որ ՌԴ-ն պատրաստ է ներդրումներ անել։ Փաստն այն է, որ ՌԴ-ն, չնայած առաջարկել է գործակցություն նոր ատոմակայանի հարցում, երբեք չի բարձրաձայնել, թե ինչ արժեքով է կառուցելու, ավելին՝ երբևէ որևէ պաշտոնական հայտարարություն կամ հավաստիացում չի հնչել, որ Մոսկվան անվճար, ներդրումների միջոցով է ՀՀ-ում ատոմակայան կառուցելու։
Վճիռ․ Այսպիսով, մանիպուլյատիվ և ոչ փաստահեն է պնդումը, թե Հայաստանը թանկ գնով ԱՄՆ-ի հետ ատոմակայան է կառուցում՝ հրաժարվելով ռուսական բարենպաստ և «ներդրումային» առաջարկից, քանի որ ՌԴ-ն երբեք չի հրապարակել ո՛չ գին, ո՛չ էլ պաշտոնական պարտավորություն, որ ՀՀ-ում ատոմակայանը կկառուցի անվճար կամ սեփական ներդրումներով։
Ինչ վերաբերում է ռուսական ВВЭР-1200 ռեակտորներին, ապա դրանք կառուցվում են էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկ, բազմամիլիոնանոց բնակչություն և մեծ տարածք ունեցող երկրներում, հետևաբար միանշանակ չէ պնդումը, որ այն ամենահարմար այլընտրանքն է Հայաստանի նոր ատոմակայանի համար։
Նանե Մանասյան
The post «Ատոմային» կրքեր․ ինչ կեղծ թեզերով է թիրախավորվում ՀՀ-ԱՄՆ էներգետիկ գործակցությունը appeared first on FIP.AM.