ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել

Քաղաքականություն

26.02.2026 | 12:21

Ռուսական զորքերը փետրվարի 26-ի գիշերը Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով, գրում է Current time-ը։

Կիև

Կիևում հարձակման հետևանքով հրդեհվել են Գոլոսեևսկի շրջանում գտնվող ավտոտնակները և Պեչերսկի շրջանում գտնվող երկհարկանի բնակելի տունը։ Դարնիցկի շրջանում պայթյունի ալիքը վնասել է ինը հարկանի շենքի բնակարանի պատուհաններն ու դռները,  հայտնել են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Խարկովի մարզ

Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի մարզի Ռայ-Օլենովկա գյուղի, ինչպես նաև Խարկովի Կիևսկի, Շևչենկովսկի, Սլոբիդսկի և Սալտովսկի շրջանների վրա։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Սալտովսկի շրջանում այրվել է երկու բնակելի տուն, իսկ Սլոբիդսկի շրջանում՝ մեքենա և ավտոտնակ։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պարզաբանել է, որ վիրավորներից մեկը յոթ տարեկան տղա է։ Վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ։

Զապորոժիե

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Հրդեհվել են բազմահարկ շենքերից մեկի 7-րդ և 8-րդ հարկերի բնակարանները, իսկ մեկ  շենքում՝ վնասվել են բնակարանները, պատշգամբները և պատուհանները: Հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոններից մեկում,  վնասվել է մասնավոր տուն և մեկ այլ առևտրի կենտրոնի տանիքը:

Կրիվոյ Ռոգ

Կրիվոյ Ռոգում վնասվել է հինգհարկանի շենք, երկու մարդ վիրավորվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան: Զելենոդոլսկ համայնքում վնասվել են արևային մարտկոցներ:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment