Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդես գալով ելույթով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ մասնավորապես նշելով․ «Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան զոհեր՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով՝ սահմանային շրջաններում: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, խաղաղությունը հիմա հետազոտվում է․․․ Մենք չենք ունեցել խաղաղություն, և հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այն։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, և անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ․․․ Եվ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է․․․ Ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»: