ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստուգում է Կուբայում ամերիկյան մոտորանավի հետ կապված միջադեպը և կարձագանքի համապատասխան կերպով։
«Մենք ունենք ԱՄՆ կառավարության տարբեր ներկայացուցիչներ, որոնք փորձում են բացահայտել այս պատմության այն տարրերը, որոնք, հնարավոր է, այս պահին մեզ չեն ներկայացվել», — լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի հիմնվի բացառապես կուբայական իշխանությունների տրամադրած տեղեկատվության վրա։ «Երբ մենք ավելի շատ տեղեկություններ հավաքենք, մենք պատրաստ կլինենք համապատասխան ձևով արձագանքել», – ասել է պետքարտուղարը։ Հարցին, թե արդյոք միջադեպը կարող էր կապված լինել ԱՄՆ կառավարության հետ, Ռուբիոն պատասխանել է. «Ոչ»։
«Բավական է ասել, որ նման փոխհրաձգությունները բաց ծովում չափազանց անսովոր երևույթ են։ Դա ամեն օր չի պատահում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ Կուբայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրային տարածքներ և կրակ բացել։ Կուբացի սահմանապահների պատասխան կրակի արդյունքում սպանվել է չորս մարդ։ Իսկ The New York Times-ը հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել Է, որ Կուբայի ջրային տարածք մտած նավը կապ չունի ԱՄՆ ռազմածովային ուժերի կամ առափնյա պահպանության հետ: