MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
ԱԺ-ի դիմաց հավաքված բժիշկները՝ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, նամակ հանձնեցին բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
Իսկ ահա այսօր ամբողջ «Ֆեյսբուք»-ը ողողվել է բժիշկների բողոքի ձայնով, նրանք միանում են «Բուժաշխատողների նախաձեռնող խմբին». կողմ են, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների վարձատրության պայմանները:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձերին անդրադարձել էր տարեկան ամփոփիչ ասուլիսին։
Ապահովագրության և պետական պատվերի շրջանակում պետությունը հայտարարում է, որ պատրաստ է տվյալ ծառայությունը ձեռք բերել կոնկրետ նկարագրով և սահմանված փոխհատուցման գնով։ Բժշկական կենտրոնը, պայմանագիր ստորագրելով, ընդունում է այդ պայմանները և պարտավորվում է քաղաքացիներին մատուցել համապատասխան ծառայությունը։ Պետությունն էլ վճարում է հենց այն գումարը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքելիս։
Դրանք կարգավորվում են գործատու–աշխատող հարաբերություններով՝ բժշկական կենտրոնի և բուժաշխատողի միջև։ Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարն արձանագրել էր, որ ծառայության գնի հաշվարկի մեթոդաբանության մեջ նախատեսվում է նվազագույն շեմ, որը բժշկական կենտրոնը պետք է ուղղի բուժանձնակազմի փոխհատուցմանը։
Մարիաննա Արամյան