Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի նիստում վերջինիս պաշտպան Գայանե Պապոյանը, ներկայացնելով Համբարձումյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, հայտարարել է․ «Երևանի առաջին ատյանի դատարանը անցած տարվա հոկտեմբերի 23-ին վերացրել է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ավելի քան 7 տարի գործող գրավ խափանման միջոցը և կիրառել է կալանք, ընդ որում անժամկետ կալանք»։
Պաշտպանի համոզմամբ, Դ. համբարձումյանի նկատմամբ կալանքը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ։
Նա նշել է, որ դատարանը խափանման միջոցի փոփոխությունը հիմնավորել է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որի շրջանում, ըստ առաջին ատյանի դատարանի, Դավիթ Համբարձումյանը պետք է կրի ազատազրկում, մեծ է հավանականությունը, որ Դավիթ Համբարձումյանը կթաքնվի՝ այդ կերպ պատժի կրումից խուսափելով։
Պապոյանն ընդգծել է, որ պաշտպանական կողմը ենթադրում է՝ դատարանը կալանքի ժամկետ չի նշել՝ հիմնվելով ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի վրա, երբ անձը համապատասխան դատարանի կողմից դատապարտվել է աազատազրկման։
«Միչդեռ, հարգարժան դատարան, այս դեպքում առկա են մի շարք առանցքային հանգամանքներ, որոնք Դավիթ Համբարձումյանի կալանքը դարձնում են ոչ իրավաչափ, և հետևաբար գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին»,-ասել է Գայանե Պապոյանը։