Չեղարկվել է ջրամատակարարման 17- ժամյա գրաֆիկը

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, ասել է Խուդաթյանը


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։


Ավելի վաղ որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ)։


Խուդաթյանը սոցցանցի իր էջում գրել է, որ «այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։


«Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը»,-նշել է նա։


Ըստ նրա, խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։


« Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,-ընդգծել է Խուդաթյանը։


Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հրապարակած ժամանակացույցում երևում է, որ Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։

Leave a comment