Թույլ չենք տա, որ խախտվեն բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների իրավունքը.Կոբախիձե

Թույլ չենք տա, որ խախտվեն բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների իրավունքը.Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում հայտնված «Իմեդի»-ի և «Պոստիվի» հեռուստաընկերությունների ազատության հիմնարար իրավունքը չի խախտվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Կոբախիձեին հարց են ուղղել, թե ինչպես պետք է շարունակվի համագործակցությունը նշված երկու լրատվամիջոցների հետ՝ բրիտանական պատժամիջոցների պայմաններում։

Նա նշել է, որ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունները պետք է շարունակեն համագործակցել այդ երկու հեռուստաընկերությունների հետ։

«Ո՛չ «Իմեդի»-ի, ո՛չ էլ «Պոստիվի» լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը Վրաստանում չի խախտվի։ Բոլոր պետական ​​և ոչ պետական ​​ընկերությունները, իհարկե, պետք է շարունակեն համագործակցել երկու հեռուստաընկերությունների հետ….  Ամեն ինչ կարվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ ձեռներեցության ազատության հիմնարար իրավունքը», – ասել է Վրաստանի վարչապետը։

Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի օրը, Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 240 ընկերություն, 50 նավ և 7 ֆիզիկական անձի: Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Պոստիվի» հեռուստաալիքները՝ ռուսական ապատեղեկատվության տարածման գործում իրենց դերի համար:

Leave a comment