Ինչպե՞ս եղավ, որ թոշակներն ավելացնելու փող չկար, և մի ամբողջ իշխանության պաշտոնեական գումարտակ լծվել էր արդարացնելու առողջության ապահովագրությամբ թոշակները կոմպենսացնելու որոշումը, հիմա հանկարծ պարզվեց նախագահը ճիշտ էր, վարչապետը սխալ` փողի խնդիր չկա ու ապրիլի 1-ից 10.000 դրամով կավելանա տարեցների կենսական բյուջեն:
Զուգահեռաբար մի քանի հարցեր են ավելանում, մասնավորապես.
– ո՞ր կենսաթոշակների վրա է +10,000-ը կիրառվելու` բոլորին համահավասա՞ր, թե՞ ոչ,
– ֆինանսավորումը որտեղի՞ց է (նախապես բյուջեո՞վ է նախատեսված, թե վերաբաշխում է այլ տեղերից):
Անկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան: Որևէ մեկը չի կարող հերքել, որ այս քայլը համակարգային կենսաթոշակային բարեփոխման հետ որևէ աղերս չունի, և որևէ բարոյական մարդ չի կարող կասկածի տակ դնել տարեցների կենսապահովման համար արվող քայլերի հրամայականը, և չի գտնվի մի մարդ, ով ուրախ չի լինի դրա համար, սակայն բարոյական չէ այս տեսակ մոտիվացնող քայլերով տարեցներին ձեր իշխանության վերարտադրության համար օգտագործելու մղումները ներկայացնել որպես բարի կամքի և մտահոգության դրսևորում: