Տարեկան տասնյակից ավել երեխաներ են զոհվում քարսիթում չլինելու պատճառով. թա՞նկ հաճույք է այն և ինչու՞ է թույլ վերահսկողությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանում 10 երեխա մահացել է ավտովթարներից՝ քարսիթ չունենալու պատճառով»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, կարծիք հայտնելով, որ մինչև 10 տարեկանների մեքենայում գտնվելու պահանջների պահպանման հարցը պետք է կարևորել: Թեև Քոչարյանը չի նշել, թե սա կոնկրետ որ ժամանակահատվածին է վերաբերում, բայց ոստիկանության տվյալներով տարեկան ավտովթարներից մահանում է 7-11 երեխա:
ԱՀԿ-ի տվյալներով, քարսիթը նվազեցնում է մահվան ռիսկը, նորածինների մոտ 70 տոկոս, մանկահասակ երեխաների մոտ 50-60 տոկոս: Հատկապես պաշտպանում է գլուխը և պարանոցը: Կանխում է մեքենայից դուրս նետվելը, նվազեցնում է կրծքավանդակի, որովայնի, ողնաշարի վնասվածքները:
Համաձայն օրենսդրության, մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով։ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականացվի մանկական պահող համակարգերի օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման միջոցով:
Zarkerak.am-ին պարզ դարձավ որ Հայաստանում քարսիթների արժեքները տատանվում են 20-120 հազար դրամի շրջանակում:
Սոցիալական հարթակներում հետաքրքրվեցինք ծնողներից արդյոք կիրառում են քարսիթ, ստացանք նման պատասխաններ:
- «Հեչ թանկ հաճույք չի, մարդը ով մեքենա ունի, կարողանում է գազ/բենզին լցնել, կկարողանա նաև քարսիթ գնել»
- «Օգտագործելը հավեսով չէ, երեխայի կյանքի ապահովության մասին է խոսքը: Եվրոպական շատ երկրներում պարտադիր է քարսիթը, եթե ոչ մեծ տուգանքներ են, սա կյանք փրկող աթոռ է»:
- «Երեխային ծնված օրվանից եմ նստացնում՝ քարսիթն ընտրում եմ ըստ քաշի ու տարիքի: Զարմանում եմ, որ պետական օրգաններից չկա պրոպագանդա և հանրությանը կրթություն տվող ինֆորմացիա»:
- «Աղջկաս ծնված օրվանից արդեն ունեի քարսիթ»:
- «Ես 3 երեխա ունեմ։ 7 տարի առաջ, երբ մեքենա առանք, առաջինը քարսիթներ առանք: Միշտ իրենց քարսիթներում են նստել»։
Երեխաներին անվտանգ տեղափոխելու կանոնները չպահպանելու դեպքում տուգանքը 5000 դրամ է: Փորձագետ Արթուր Խաչատուրովի կարծիքով՝ քարսիթների կիրառման առումով առանձնապես մեծ դրական դինամիկա չկա, կազմվող տուգանքներն էլ սակավաթիվ են, բայց հատկապես Հայաստանի նման անհարթ ու բարդ ռելիեֆով, ոլորոններով երկրի համար քարսիթը պարզապես անհրաժեշտություն է:
«Տեսնում ես երեխային գիրկը դրած, մեջտեղը դրած գնում են, դեպքեր կան ծնողն ամրակապված է, երեխան՝ ոչ, դա ուղղակի անպատասխանատվություն է: Փոխարենը կան ծնողներ, որ առանց պետության միջամտության էլ հասկանում եմ, որ դա իրենց պարտքն է, երբ չափահաս գիտակից քաղաքացին չի ամրակապվում դա իր ընտրությունն է, բայց անչափահասի դեպքում ամբողջ պատասխանատվությունը մեծահասակինն է»:
«Տուգանքը ցածր է, դա կարմիր լույսի տակով անցնելուց էլ վատ ու վտանգավոր խախտում է» ,- ասաց Խաչատուրովը, սակայն նրա կարծիքով միայն տուգանքը բարձրացնելով խնդիրը չի լուծվի.«Երբ խոսվում էր ամրագոտի կապելու անհրաժեշտության մասին, ամենաարդյունավետն այն ժամանակ էր, երբ տուգանքը 3000 դրամ էր, քանի որ թեմայի մասին շատ էր խոսվում, ոստիկանությունը խիստ էր, տուգանքները շատ էին, հիմա կան ավելի բարձր տուգանքներ, բալային համակարգ, բայց նույն էֆեկտիվությունը չկա: Իսկ քարսիթի մասով չկա մասսայական վերահսկողություն, պարեկի կողքով կարող ես անցնել, նա անտարբեր լինի»:
Նա չհամաձայնեց, որ քարսիթ ունենալը թանկ հաճույք է.«Եթե ունես մեքենա ու երեխա, պիտի քարսիթ էլ ունենաս, չես կարող չէ՞ ասել տակդիրը թանկ է չեմ գնելու: Այդպես մտածող անձանց պետք է ոչ միայն տուգանել, այլ սահմանափակել ծնողական իրավունքները, եթե մի հոգու այդպես անեն, մյուսները կսթափվեն», – նշեց նա ու հավելեց, որ երեխայի փոխադրման անվտանգության կանոնները խախտելը պետք է ավելի թանկ լինի, քան մեծերի դեպքում ամրագոտի չկապելը: