Ամսական լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին


Հնարավոր է՝ Ազգային ժողովի օրենքով փոփոխություն արվի կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան:


«Իմ հաշվարկներով՝ ամսական լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու: Դրամի մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ ենք տեսնում: Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք:


Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չի մտնում հետվճարը:


 


 

Leave a comment