«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկն այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ մամուլում շրջանառվող հարցումների և հրապարակումների հետ։
Ընկերությունից հայտնում են, որ համաձայն գործող կանոնների՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:
«Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն», -նշված է պարզաբանման մեջ:
Ընկերությունից հայտնում են, որ հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին)՝ ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից:
Նշվում է, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները, իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից նաև նշում են, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել: