Քուչի բազառի մակարդակ՝ ո՞նց թե ասել ես՝ աչքիդ վերև սև հոնք կա

Շրջիկ խմբերի շարքերը նոսրանում են։ Պրոտոկոլի վերածած պատարագներին միայն Փաշինյանն է մշտապես ներկա, արդեն ներկա-բացակա էլ չի անում։ Տեսնելով, որ Կաթողիկոսին հեռացնելը համազգային պահանջի չի վերածվում, նա եկեղեցու հետ հաշվեհարդարը հանձնարարեց դատարաններին։

«Պրոտոկոլային պատարագների՝ այլևս մեծ աղմուկ չհանելը չի նշանակում, որ Փաշինյանը հետքայլ է արել, բայց նրա համար տհաճ անակնկալ էր Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը»,-  նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ավելի ներքևի օղակներն են լծվել եկեղեցու դեմ հալածանքներին՝ գնալ-հասնել Սաղմոսավանք, անձամբ հանդիպել քահանային, հաշիվ պարզել, թե դու քանի՞ գլուխ ունես ուսերիդ, որ պսակադրության ժամանակ ասես՝ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի։

«Ուրեմն Արշակ Սրբազանի գլխին կարող են սարքել՝ ԱԲ-ով կեղծ տեսանյութ վերագրելով նրան, կարող են քիթները խոթել եկեղեցու որոշումների մեջ, թե կաթողիկոսն ի՞նչ իրավունք ունի կարգալույծ անել Արման Սարոյանին, բայց տեր Օշինը չի կարող ՔՊ-ին ասել՝ աչքիդ վերև սև հոնք կա։ Փաշինյանն ամեն ինչ է անելու ընտրություններին քվե կորզելու համար»,- վսատահ է քաղաքագետը։ 

Բոլորս ենք տեսնում, թե ամբողջ ՔՊ-ն ինչպես է լծվել ընդդիմադիրներին սևացնելու գործին՝ անգամ պատերազմով են ժողովրդին վախեցնում։

ՔՊ-ի զինանոցում ինչեր կան, առաջիկայում դեռ կտեսնենք։ 

Ախուրյանցի 55-ամյա կնոջը ձեռնաշղթաներով դատարան են տարել իբր Փաշինյանին ուղղված ֆեյսբուքյան գրառման համար։ Ինչպես փաստաբանն է պատմել, կինը անձամբ է գնացել ոստիկանություն՝ պարզելու, թե ով է իր անունից գրառում արել։ Բայց նրան ձերբակալել են ու մեկ ամսով կալանավորել։

Leave a comment