Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխվստահության վրա հիմնված համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով երկկողմ օրակարգի ընդլայնման և ոլորտային գործընկերության խորացման պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Երևանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ՝ ընդգծելով Ղազախստանի Հանրապետության բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը և այդ ուղղությամբ շարունակական համակարգված համագործակցության անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ոլորտի կառավարման հիմնախնդիրներին։ Քննարկվել են ջրային ռեսուրսների կայուն կառավարման, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ջրային կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործողությունների սիներգիային ուղղված մոտեցումները՝ հաշվի առնելով գլոբալ բնապահպանական օրակարգի ներկայիս առաջնահերթությունները։
Պարոն դեսպանը ներկայացրել է Ղազախստանի կողմից նախաձեռնվող Միջազգային ջրային կազմակերպության հիմնադրման գաղափարը՝ անդրադառնալով նախաձեռնության նպատակներին և ակնկալվող գործառույթներին։ Քննարկվել են նաև դրա շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները, ներառյալ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղությունները։
Նախարարն իր հերթին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով դրանց նշանակությունը թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային համաժողովներին ու հարթակներին, որոնց շրջանակում հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը և վերահաստատել համագործակցության առաջնահերթությունները։