1 ժամ 48 րոպե. Թրամփը ելույթով է հանդես եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պատմության մեջ Կոնգրեսին ուղղված  ամենաերկար ելույթով․ այն տևել է  1 ժամ 48 րոպե։ Այսպիսով Թրամփը գերազանցել է Բիլ Քլինթոնի 2000 թվականի ռեկորդը՝ 1 ժամ 20 րոպե։ Թրամփը նաև գերազանցել է Կոնգրեսին ուղղված նախագահական ուղերձի իր սեփական ռեկորդը՝  1 ժամ 40 րոպե, որը նա սահմանել էր անցյալ տարվա մարտին իր ամենամյա ուղերձում, գրում է Current time-ը։

Դոնալդ Թրամփը սկսել է իր ելույթը՝ հայտարարելով, որ Անկախության հռչակման 250-ամյակի տարին նշանավորում է «Ամերիկայի ոսկեդարի սկիզբը»։ ԱՄՆ նախագահը թվարկել է այն հաջողությունները, որոնք, ըստ նրա, իր վարչակազմը գրանցել է անցյալ տարվա ընթացքում. «Մեքսիկայի հետ սահմանը փակ է, գնաճը նվազում է, Ամերիկայի թշնամիները ամբողջ աշխարհում վախեցած են, ԱՄՆ-ն համընդհանուր հարգանք է վայելում, թմրանյութերը այլևս անվերահսկելիորեն չեն հոսում ԱՄՆ, սպանությունների մակարդակը նվազել է, բենզինի գները նվազել են, հիփոթեքային տոկոսադրույքները նվազել են, իսկ ֆոնդային ինդեքսները բարձրանում են, ինչպես նաև նավթի և գազի արտադրությունը»։ ԱՄՆ նախագահն իր երկիրն անվանել է աշխարհի «ամենահիանալի» երկիրը։

Իր նախագահական նվաճումների շարքում Դոնալդ Թրամփը նշել է «պատմության մեջ ամենամեծ հարկային կրճատումը», առևտրային մաքսատուրքերի սահմանումը երկրների մեծ մասի համար (նա ափսոսանք է հայտնել Գերագույն դատարանի կողմից դրանք չեղյալ հայտարարելու որոշման կապակցությամբ և խոստացել է դրանք վերականգնել այլ մեխանիզմով)։

Անդրադառնալով միջազգային քաղաքականությանը՝ Թրամփը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման առաջին տարում ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝ Գազայի պատերազմը։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր դեսպաններ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների ջանքերի շնորհիվ բոլոր պատանդները վերադարձվել են Իսրայել։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին՝ ԱՄՆ նախագահը կրկնել է, որ այն երբեք չէր սկսվի, եթե ինքը նախագահ լիներ՝ նշելով, որ այս պատերազմում ամսական 25,000 զինվոր է մահանում (այս թվերի աղբյուրը անհայտ է), և վերահաստատել նաև այս պատերազմը ավարտելու իր ջանքերը։

Դոնալդ Թրամփը անցյալ ամռանը Իրանի դեմ գործողությունը որակել է որպես հաջողություն։ Նա ասել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները նախընտրում է Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, բայց դեռևս երաշխիքներ չի ստացել Թեհրանից՝ հրաժարվելու միջուկային զենք ունենալու մտքից։

«Ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորին՝ Իրանին, որն անշուշտ, այդպիսին է, ունենա միջուկային զենք», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նա ասել է, որ Իրանը և նրա պրոքսիները «տարածում  են միայն ահաբեկչություն, մահ և ատելություն», հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանի առաջնորդները սպանել են առնվազն 32,000 ցուցարարի: Նա նաև զգուշացրել է, որ Իրանը  մշակել է հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, և աշխատում է հրթիռների վրա, «որոնք շուտով կհասնեն» ԱՄՆ-ին:

Դոնալդ Թրամփը գովաբանում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու ռազմական գործողությունը:

«Աշխարհի առաջնորդները զանգահարեցին ինձ և ասացին, որ շատ տպավորված են», – ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ով է զանգահարել իրեն: Դոնալդ Թրամփը նաև պարգևատրել է  ուղղաթիռի օդաչուին, որը կարողացել է  նրան իջեցնել նախատեսված վայրում՝ չնայած ծանր վիրավորված լինելուն:

Իր ելույթի ավարտին Դոնալդ Թրամփը վերադարձել է Անկախության հռչակագրի 250-ամյակին. «Տեխասի անհարթ սահմանային քաղաքներից մինչև Միչիգանի սրտի գյուղերը, Ֆլորիդայի արևով ողողված ափերից մինչև Դակոտաների անծայրածիր դաշտերը… Ամերիկայի ոսկեդարն արդեն այստեղ է», – եզրափակել է  ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment