Մինչ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու իր հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի քննարկում էին համագործակցության ընդլայնմանն ուղղված առաջնահերթություններ, հայկական բեռնատարների վարորդների մուտքը Վրաստանից Հայաստան շարունակում է խոչընդոտվել։ Ռուս-վրացական անցակետում փետրվարի 12-ից սկած օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։
«Ասում են՝ սպասե՛ք, երբ պետք լինի, կասենք, կգնաք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ 100-ից ավելի բեռնատար կա սպասման մեջ, իսկ թե որն է պատճառը, դեռ հայտնի չէ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մշտական կապի մեջ է վարորդների հետ, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ երեկ մի փոքր դրական տեղաշարժ է նկատվել։ Բեռնատարների վարորդների մի խումբ իր հետ զրույցում նշել է, որ իրենք ռենտգենի հրապարակից առաջ են շարժվել, բայց դեռ գտնվում են Վրաստանի տարածքում։
Թե երբ կհասնեն Հայաստան, հայտնի չէ։
Էմմա Մարտիրոսյան