Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.02.2026 | 10:45

Չորեքշաբթի առավոտյան Բալըքեսիր նահանգի արևմտյան մասում վթարի է ենթարկվել թուրքական F-16 կործանիչ, հայտնել է  Թուրքիայի  պաշտպանության նախարարությունը։  Օդաչուն զոհվել է։

Այն օդ էր բարձրացել Բալըքեսիրի 9-րդ գլխավոր բազայից տեղական ժամանակով ժամը 00:56-ին (երեքշաբթի՝ ժամը 21:56-ին, Գրինվիչի ժամանակով), թռիչքից որոշ ժամանակ անց կապը ինքնաթիռի հետ կորել է, գրում է Turkiye today-ը։

Անմիջապես սկսվել են որոնողական և փրկարարական գործողություններ, հետագայում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, հայտնել է նախարարությունը։

«Մեր օդաչուն նահատակվել է։ Վթարի պատճառը կպարզվի վթարի հետաքննության խմբի կողմից անցկացվող հետաքննությունից հետո», – հայտնել են նախարարությունից՝ ցավակցություն հայտնելով օդաչուի ընտանիքին։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զոհված օդաչուին նույնականացրել է որպես ռազմաօդային ուժերի մայոր Իբրահիմ Բոլաթ։ Արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը հայտարարել է, որ Բալըքեսիրի գլխավոր դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել վթարի կապակցությամբ։

Գյուրլեքի խոսքով՝ վթարի վայր են ժամանել գլխավոր դատախազը, գլխավոր դատախազի տեղակալը և երկու դատախազներ։

Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն հաստատել է, որ 9-րդ գլխավոր ավիաբազայի հրամանատարական էսկադրիլիային պատկանող F-16-ը վթարի է ենթարկվել մոտավորապես ժամը 00:50-ին՝ առաքելության  թռիչքի ժամանակ։

«Վթարի պատճառը պարզ կդառնա հետաքննչական խմբի կողմից տեխնիկական զննումից հետո», – ասել է ՆԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment