Գյումրիում տեղի ունեցավ Մասլենիցայի տոնակատարությունը

Ասում են` ինչպես տոնես Մասլենիցան, այդպիսին էլ կլինի գարունը։ Հետևելով այս ասացվածքին՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ ուրախ և աղմկոտ Մասլենիցայի տոնակատարություն։

Միջոցառումը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ։

«Մասլենիցան խորհրդանշում է գարնան գալուստը և բնության զարթոնքը։ Նման միջոցառումները ոչ միայն զվարճացնում և լավ տրամադրություն են հաղորդում, այլև օգնում են պահպանել ավանդույթները։ Մասլենիցան ոչ միայն զվարճալի և համեղ տոն է, այլև առիթ է ամբողջ ընտանիքով հավաքվելու։ Եվ կարևոր է, որ այսօր այստեղ էին և՛ ռուսական, և՛ հայկական ընտանիքները. հենց այսպիսի պահերին ենք մենք ավելի մտերմանում», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների կազմակեպման բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը։

Միջոցառման ընթացքում 102-րդ ռուսական ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինծառայողները, նրանց ընտանիքները և տեղի բնակիչները ընկղմվեցին տոնական մթնոլորտում. նրանք շուրջպար բռնեցին, զվարճալի խաղերի մասնակցեցին, հանելուկներ լուծեցին, մրցեցին գնդակ նետելու մեջ, երեխաները շփվեցին հեքիաթային հերոսների հետ։

Տոնախմբության մասնակիցները նաև վայելեցին Մասլենիցայի առատ հյուրասիրությունը, համեղ ուտեստներ ճաշակեցին ։ Միջոցառման ավարտին նրանք ականատես եղան ձմեռը խորհրդանշող խրտվիլակի ավանդական այրմանը։

«Այսօր մենք մասնակցեցինք իսկական ժողովրդական տոնախմբության։ Ոչ միայն երեխաները, այլև մեծահասակներով ուրախացանք ամբողջ սրտով։ Եվ ի՜նչ համեղ ուտեստներ ճաշակեցինք։ Ավելորդ է ասել, որ տոնը հաջողված էր։ Շնորհակալություն կազմակերպիչներին», – իր տպավորություններով կիսվեց Ելենա Աստաֆևվան։

–00—ՅՄ

Leave a comment