Ժամեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում ստացած 2% հետվճարի մասին գրառում՝ կից ներկայացնելով 9512 դրամ հետվերադարձի լուսապատկերը։
Նախարարը գրել է․ «Սա այն 2% հետվերադարձի գումարն է, որը ստացել եմ հունվար ամսին Հայաստանում Arca քարտով գնումներ անելու արդյունքում»։
Նա նաև քաղաքացիներին կոչ է արել օգտվել ծրագրից․ «Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին հետ ստանալ իրենց 2%-ները՝ Arca-ով առևտուր անելու միջոցով»։
Որքա՞ն գնում է ենթադրում 9512 դրամ հետվճարը
Հրապարակումը սոցիալական ցանցերում առաջացրել է ակտիվ քննարկումներ և քննադատություններ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նախարարի ներկայացրած 9512 դրամ հետվճարը ստանալու համար անհրաժեշտ է կատարել շուրջ 475 600 դրամի անկանխիկ գնում։
Այսինքն՝ միայն այն գործարքների շրջանակում, որոնց նկատմամբ կիրառվում է 2% հետվճարը, նախարարի ամսական ծախսը կազմել է մոտ կես միլիոն դրամ։
Հարկ է նշել, որ 2% հետվճարը չի ձևավորվում մի շարք գործարքների դեպքում։ Թեմային FIP.am-ն անդրադարձել է օրեր առաջ՝ 2% հետվճարի չափը համադրելով նվազագույն կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի հետ։
«Փաստերի ստուգման հարթակն» արձանագրել էր, որ նույնիսկ ծրագրի բոլոր պայմաններն ու սահմանափակումները պահպանելու դեպքում նվազագույն կենսաթոշակ և նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները կարող են ունենալ ընդամենը 712-ից մինչև 1500 դրամ հետվճար՝ կախված իրենց եկամտի չափից։
Նախարարի հրապարակած 9512 դրամը համադրելով նվազագույն կենսաթոշակ և նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտների հետ՝ ստացվում է՝
- 475 600 դրամը գերազանցում է 36 000 դրամ նվազագույն կենսաթոշակ ստացող թոշակառուի մեկ տարվա կենսաթոշակը (36 000 × 12 = 432 000 դրամ)
- մոտավորապես հավասար է 75 000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու կես տարվա աշխատավարձին (75 000 × 6 = 450 000 դրամ)։
Այսպիսով, նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած տվյալը ցույց է տալիս ծրագրի հասանելիության սահմանափակումները ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար։
Ծրագրի իրականացման մեխանիզմների և սոցիալական արդյունավետության հնարավոր ռիսկերի մասին FIP.am-ը գրել էր դեռ մեկ ամիս առաջ՝ Կառավարության որոշման ընդունումից հետո։
Գայանե Մարկոսյան
The post 2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել appeared first on FIP.AM.