Ադրբեջանը ներկայում ջրի պակաս չունի, սակայն ներկայիս պաշարները երկարաժամկետ հեռանկարում բավարար չեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության (ADSEA) ռազմավարության, միջազգային համագործակցության և գիտության բաժնի ղեկավար Ռիադ Ախունդզադեն։
Նրա խոսքով՝ երկրի ջրամբարներում ներկայումս պահվում է մոտավորապես 16-17 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ տարեկան սպառումը կազմում է 11-12 միլիարդ խորանարդ մետր. «Սա նշանակում է, որ ջրի պաշարներ կան մոտ մեկ տարվանից մի փոքր ավելիի համար։ Սակայն դա բավարար չէ։ Ավելին, հնացած ենթակառուցվածքների պատճառով բաշխման ժամանակ տեղի են ունենում ջրի զգալի կորուստներ։ Ջրի արդյունավետ կառավարումը և կորուստների կրճատումը առաջնահերթություն են»։
Նա ասել է, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ստեղծվեցին այլընտրանքային ջրային աղբյուրներ։
Ախունդզադեն նաև նշել է, թե Աբշերոնի թերակղզու ջրային ենթակառուցվածքների խնդիրները նախատեսվում է լուծել մինչև 2035 թվականը։
Ըստ նրա՝ քանի որ երկրի բնակչությունը մոտավորապես 10 միլիոն է, և Աբշերոնի թերակղզում ապրում է ավելի քան 4,5 միլիոն ջրօգտագործող, կարևոր է կենտրոնանալ այս տարածաշրջանի վրա։
«Մինչև 2035 թվականը մենք նախատեսում ենք արդիականացնել և վերացնել թերակղզու բոլոր ենթակառուցվածքային խնդիրները», – ասել է Ախունդզադեն։
Նա նշել է, որ Ազգային ջրային ռազմավարության առաջնահերթություններից մեկը արդիականացման միջոցով խարխուլ ենթակառուցվածքների վերականգնումն է։
Ախունդզադեն նշել է, որ երկրորդ առաջնահերթությունը ջրի հասանելիության բարձրացումն է. երկիրը պետք է կարողանա վերահսկել իր սահմաններում ջրի քանակը, որի համար անհրաժեշտ է նոր ջրամբարների և համապատասխան ենթակառուցվածքների կառուցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի