Չինաստանը անհիմն է համարել ԱՄՆ մեղադրանքները միջուկային փորձարկումների վերաբերյալ

Չինաստանը անհիմն է համարել ԱՄՆ մեղադրանքները միջուկային փորձարկումների վերաբերյալ

Չինաստանի իշխանությունները բացարձակապես անհիմն են համարում ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղադրանքները, ըստ որոնց վերջին տարիներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում միջուկային փորձարկումներ են իրականացվել։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանը։Global Times-ի փոխանցմամբ՝ Շեն Ցզյանը նման հայտարարությամբ հանդես է եկել Ժնևում՝ Զինաթափման համաժողովի նստաշրջանի ընթացքում։«Միացյալ Նահանգների այն մեղադրանքները, թե ՉԺՀ-ն միջուկային փորձարկումներ է անցկացնում, բացարձակապես անհիմն են»,- ասել է դեսպանը։Նա ընդգծել է, որ Պեկինը հաստատակամորեն աջակցում է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին» պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։Շեն Ցզյանի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա նման գործունեության մորատորիումի վերաբերյալ իր պարտավորություններին և «աջակցի գլոբալ կոնսենսուսին»։Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող մեղադրանքները «պատրվակ են ամերիկյան կողմի սեփական միջուկային փորձարկումների վերսկսման համար»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յանը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Չինաստանը վերջին տարիներին իրականացրել են փոքր հզորության միջուկային փորձարկումներ։ Նրա պնդմամբ՝ Չինաստանում նման փորձարկում տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 22-ին՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Լոբնոր լճի մոտ գտնվող փորձադաշտում։

Կարդալ ավելին

Leave a comment