Մշակութային արժեքների արտահանման տուրքերի փոփոխության նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է սահմանել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա-եզրակացություն և մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն՝ որպես թույլատրող փաստաթուղթ։
Օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ավելի ճկուն և տարանջատված քաղաքականություն մշակութային արժեքների արտահանման գործընթացում։
Մասնավորապես սահմանվում են՝
հանքագիտության և հնէաբանության հավաքածուների արտահանման լիցենզիա-եզրակացություն,
«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանման եզրակացություն,
«Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգերով արտահանման թույլատրող փաստաթղթեր։
Որոշ դեպքերում փոփոխվում է նաև պետական տուրքի չափը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունները ամբողջությամբ չեն ընդգրկում գործող օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները։
Փոփոխությունների նպատակն է պետական տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին, բարձրացնել վարչարարության արդյունավետությունը և կանոնակարգել մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումն ու ներմուծումը։
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։ Նիստը տեղի է ունեցել փետրվարի 24-ին։