Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստին ստացել են դրական եզրակացություն


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:


Պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և կից ներկայացված օրենքներում:


Նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության և հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները:


Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:


Թագուհի Ղազարյանի խոսքով առաջին ըներցումից հետո գրավոր առաջարկ է ներկայացրել Կառավարությունը, որն ընդունվել է:


Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված հաջորդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասինե օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:


Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, որոնց զգալի մասն ընդունվել է: Խմբագրական բնույթի առաջարկներ էլ ներկայացրել է Կառավարությունը:


Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:


«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում նախատեսվող լրացումները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նա նշել է, որ ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ոլորտը համակարգող նախարարի հրամանով ստեղծել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ, մշակել ու ներդնել սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:


Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են Կառավարության կողմից:


Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Leave a comment