Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերը. ՇՄՆ


Որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CoP17-ը հյուրընկալող և այնուհետև կոնվենցիայի շրջանակում գործընթացները նախագահող երկիր՝ Հայաստանը կենսաբազմազանության վերականգնումը դարձրել է գործնական օրակարգ՝ անցնելով խոսքից դեպի չափելի արդյունքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՇՄ նախարարությունը:


 


Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված բնական միջավայրերի վերականգնմանը, տեսակների պահպանությանը և էկոհամակարգերի առողջացմանը։


 


Այսպիսով՝


Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձկան բացթողնման աշխատանքները․ նախատեսված 500 000 հատի փոխարեն 2025 թվականին լիճ է բաց թողնվել շուրջ 836 000 հատ ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝ նախորդ տարվա 390 000 հատի դիմաց։


 


 Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրվել է ծնողական կազմ, որից նախատեսվում է ստանալ 200. 000 հատ մանրաձուկ և 2027 թվականին բաց թողնել լիճ։ Ի դեպ սա աննախադեպ գործընթաց է։


 


 Հավաքագրվել է կարմրախայտի 2 500 հատ ծնողական կազմ, իրականացվել է արհեստական վերարտադրություն, և ստացվել է շուրջ 80 000 հատ մանրաձուկ, որից 50 000 հատը բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներով հիմք է դրվում գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնային պաշարների վերականգնմանը։


 


 Շարունակվում է բնություն վերադարձնել անհետացած համարվող ազնվացեղ եղջերուներին․ 2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը ցույց է տալիս, որ վերականգնման աշխատանքները արդյունք են տալիս։ Ներկայումս ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ։


 


Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերը։


 


 


 


Leave a comment