«Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ լրահոսում տեսա երկու տեղեկություն: Մեկն այն մասին, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում 22 հոգով ծեծել են երկու մարդու, իսկ մյուսը՝ համալսարաններից մեկի մոտակա այգում 20 հոգով ծեծել են մեկին, ոստիկանն է միջամտել ու կրակել է օդ, որ դադարեցնեն:

Այս տեղեկությունները մեր հանրության վայրենացման գործընթացի մասին են: Եթե ձեզ թվում է, թե մեկի կամ երկուսի վրա հարձակված այդ քսան-քսաներկուսը մեր հանրության մարգինալ հատվածի ներկայացուցիչ են, դուք սխալվում եք չարաչար: Մեղմ ասած՝ սխալվում եք: Ընդ որում, չգիտեմ, թե ովքեր են այդ մեկը կամ երկուսը, որ ենթարկվել են քսանի հարձակման: Որևէ կերպ չեմ բացառում, որ վաղն էլ հենց իրենք կարող են այլ քսանի կամ քսանհինգ-երեսունի հետ հարձակվել որևէ մեկի կամ երեքի վրա ու ծեծել:

Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է: Ավելին, այդ իշխանությունը ստեղծում է արժեքային ճգնաժամ, որովհետև հենց այդ միջավայրում է, որ կարող է պահպանել ինքն իրեն՝ իր դիրքում: Ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ներեցեք՝ ֆլան-ֆստան, դրանք արժեքներ չեն: Դրանք արժեքներ չեն նաև հենց իրենց «բնօրրան» համարվող Նահանգներում կամ Եվրոպայում:

ԱՄՆ-ն ԱՄՆ է դարձել ու Եվրոպան Եվրոպա է դարձրել բոլորովին այլ արժեքներով՝ խոսքի արժեք, արդարության գիտակցում, թույլ տվեք ասել՝ տղամարդկային առաքինություն: Սերունդններով այդ արժեքներն են փոխանցել հոլիվուդյան ֆիլմերով, ու «վայրի Արևմուտքը» դարձրել են մարդկանց հասարակություն: Ընդ որում, արդեն տևական ժամանակ հենց իրենք էլ հայտնվել են արժեքային ճգնաժամի մեջ: Հենց իրենք էլ կորցնում են իրենց իսկ ստեղծած արժեքները:

Խոշոր հաշվով դրա դեմ է նաև Թրամփի կռիվը՝ ենթագիտակցական, կամ գիտակցական:

Ամեն ինչ փոխարինվել է ինչ որ վերացական ունիվերսալությամբ «ազատությունների», որոնք իրականում ոչ թե բերում են ազատություն, այլ բերում են դրա անվան ներքո հարաբերությունների քաոս: Դա մոտավորապես այն է, երբ խաղաղության անվան ներքո բերում են պարզապես Հայաստանի պետական սուբյեկտության ապամոնտաժում:

Իսկ այդ պրոցեսում հենց նաև իր էական դերն է ունեցել «ազատության» այն կեղծ մոդելը, որ տարածվել է գլոբալիստական մեթոդաբանությամբ նաև Հայաստանում:

Հայաստանում պետք է խորքային մակարդակով սկսել կեղծ ու «ձեռնարկային ազատության» փոխարեն հասարակական իրական հարաբերությունների արժեքային վերականգնման մասին խոսակցություն, առաքինությունների մասին խոսակցություն, խոսքի արժեքի աներերության մասին խոսակցություն: Ընդ որում, սա միայն նախընտրական հարց չէ, սա ստրատեգիական հարց է, որի վերաբերյալ խորքային անդրադարձն է Հայաստանի իրական քաղաքականությունը»:

Leave a comment