Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 240 կազմակերպություն, 7 անհատ և 50 նավ։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական կառավարամետ 2 հեռուստաալիքներ՝ «Իմեդին» և POSTV-ն, գրում է Эхо Кавказа-ն։
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկու հեռուստաընկերություններն էլ միտումնավոր տարածում են մոլորեցնող տեղեկատվություն Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մասին և աջակցում են Ուկրաինան ապակայունացնելու և նրա տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված նարատիվներին:
Մասնավորապես, նրանք «կանոնավոր կերպով հրապարակում են նյութեր, որոնք Ուկրաինայի կառավարությանը և նախագահ Զելենսկիին ներկայացնում են որպես անօրինական, Ուկրաինան անվանում են Արևմուտքի «խամաճիկ», պնդում են, որ Ուկրաինան կոռումպացված է, և որ Ուկրաինան և Արևմուտքը ձգտում են ապակայունացնել Վրաստանը»:
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, հոգաբարձուական ծառայությունների սահմանափակումներ, տնօրենների որակազրկում (այս հեռուստաալիքների սեփականատերերը կամ տնօրենները չեն կարողանա կառավարել ընկերություններ Մեծ Բրիտանիայում):
«Իմեդի»-ի նախկին սեփականատեր Իրակլի Ռուխաձեն 2026 թվականի փետրվարին հայտարարեց հեռուստաալիքի վաճառքի մասին՝ խորհրդանշական 1000 լարիի դիմաց։ Նոր սեփականատեր դարձավ Իլյա Միքելաիշվիլին հեռուստաալիքի հինգ աշխատակիցների հետ միասին։ Ռուխաձեն երկար տարիներ գործունեություն էր ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։
POSTV-ի բաժնետոմսերի 52%-ը պաշտոնապես պատկանում է «Վրացական երազանք»-ից անջատված «Ժողովրդի ուժ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Ջափարիձեին, 24%-ը՝ Շալվա Ռամիշվիլիին, իսկ մնացած 24%-ը՝ Թեմուր Չարելաշվիլիին։
Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նաև «Տրանսնեֆտը», «Տոչկա Բանկը», «Գազպրոմ Պորտովայա» ՍՊԸ-ն, «Ռոսատոմի» մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև՝ ընկերություններ Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և Թաիլանդից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի