ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները հետաքննվում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասի համաձայն՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար: Այս մասին հաղորդում են «Российская газета»  և «Комсомольская правда» պարբերականները՝ հղում անելով ԱԴԾ նյութերին, գրում է The Insider-ը։

Ինչպես հաղորդում է «Комсомольская правда»-ն, հղում անելով անանուն փորձագետների, Telegram-ը «դարձել է Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգին սպառնացող տեղեկատվության տարածման հիմնական աղբյուրը»։ «Российская газета»-ն  մեսենջերի  քաղաքականությունն անվանում է «սպառնալիք հասարակությանը», քանի որ «անանունության պատրանքի» պատճառով այն, իբր, ներգրավել է «արմատականների, թմրամոլների, մարդասպանների և ահաբեկիչների բանակներ»։

Նշվում է, որ որ մեսենջերը դարձել է ամեն տեսակի քարոզչության հիմնական հարթակ, մատնանշվում է Telegram-ի  օգտագործումը այնպիսի դեպքերում, ինչպիսիք են, օրինակ, 2024 թվականի մարտին Կրոկուսի  վրա հարձակումը, Դարյա Դուգինայի, Վլադլեն Թաթարսկու և գեներալ Իգոր Կիրիլովի սպանությունները, ինչպես նաև ԳՌՈՒ-ի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ վերջերս կատարված մահափորձը։

Մեղադրանքներ կան պատերազմի պայմաններում «ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունների և «Կիևի ռեժիմի» գլխավոր գործիքը» դառնալու վերաբերյալ, նշվում է, որ «ուկրաինացի նեոնացիստները» հայտնվում են Դուրովի և մեսենջերի  քաղաքականության «գլխավոր երկրպագուների» շարքում։

Telegram-ը նաև անվանվում է «ահաբեկիչների  թվային շտաբ»՝ հղում անելով ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի համակարգման ալիքներին և չաթերին։ Դուրովին նաև մեղադրում են վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ երկրներից ստացված ավելի քան 5000 հարցումներին արձագանքելու մեջ, որոնցով պահանջվել էր բացահայտել օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները, սակայն Ռուսաստանի իշխանությունների պահանջները չեն բավարարվել։

«Դուրովը ոչ միայն հրաժարվում է կատարել իրավասու մարմինների պահանջները, այլև օգնություն է ցուցաբերում օտարերկրյա պետական ​​մարմիններին, որոնց գործողությունները ուղղված են մեր երկրի անվտանգության դեմ», – գրում է «КП»-ն։

2025 թվականի ամռանից ի վեր Ռուսաստանում մեսենջերի գործունեությունը զգալիորեն սահմանափակվել է։ Խարդախության դեմ պայքարի պատրվակով իշխանությունները սկզբում սահմանափակեցին Telegram-ով զանգերը, ապա, սկսած այս տարվա փետրվարի 10-ից, ավելի դանդաղեցրին մեսենջերի աշխատանքը։

Անցյալ շաբաթ թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարությունը դանդաղումը վերագրեց օտարերկրյա հետախուզական գործակալությունների սպառնալիքներին և բովանդակությունը հեռացնելու դիմումների  անտեսմանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment