Արթիկ համայնքում իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման 40 մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 31-ում հաղթող է ճանաչվել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2021-2025 թթ․ անցկացված տեխնիկական հսկողության մրցույթները։ Հիմնականում կիրառվել է գնանշման հարցում ընթացակարգը, որի շրջանակում հաղթող է ճանաչվում նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակիցը։
Մրցույթների փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս մի ուշագրավ օրինաչափություն․ 8 մրցույթներում, որտեղ եղել են այլ մասնակիցներ ևս, «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն հաղթել է գնառաջարկի չնչին տարբերությամբ։ Մինչդեռ մրցույթի մասնակիցները չէին կարող նախապես տեղյակ լինել մրցակիցների գնառաջարկներից։
Արտապատկերումները՝ տարբեր մրցույթներում «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի և այլ մասնակիցների գնառաջարկներից։
Այս հանգամանքն, իհարկե, ապացույց չէ, որ գնման մրցույթի մասնակիցների միջև նախնական պայմանավորվածություն է եղել կամ գնի մասին տեղեկատվության արտահոսք, սակայն հարցեր է առաջացնում, թե ինչպես է ստացվել, որ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն առաջարկել է մյուս մասնակցի գնառաջարկից չնչին տարբերությամբ ցածր գնառաջարկ։
Ուշագրավ են նաև այն մրցույթները, որտեղ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Այդպիսի 7 մրցույթների 30 չափաբաժինների դեպքում ԱՁ-ի կողմից առաջարկված գնառաջարկները տարօրինակ զուգադիպությամբ գրեթե ճշգրտորեն համընկել են համայնքապետարանի կողմից հայտարարված նախահաշվային գնին, իսկ մրցույթները, փաստացի, անց են կացվել մրցակցության բացակայության պայմաններում։
Արտապատկերումները՝ տարբեր մրցույթներում «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի գնառաջարկներից։
Ուշագրավ է մեկ հանգամանք ևս՝ Վահրամ Կնյազյանի հետ նույն հասցեում գրանցված է նաև ոմն Արփինե Փանոյան։ Ընտրողների ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզվել է, որ նա Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ, գնումների անցկացման հանձնաժողովի անդամ Մարիամ Փանոյանի զարմուհին է։
Այս հանգամանքը ևս ինքնին ապացույց չէ շահերի բախման կամ իրավախախտման, սակայն կարող է հիմք հանդիսանալ կասկածելու, որ Փանոյանը կարող էր օգտագործել ի պաշտոնե իրեն հասանելի տեղեկատվությունը՝ ազգականին օգնելու համար։
Արտապատկերումները՝ ԿԸՀ ընտրողների ռեգիստրից:
Այսպիսով, «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն գնումների 31 մրցույթներից 15-ում դրսևորել է տարօրինակ վարքագիծ, որը հիմք է տալիս կասկածելու, որ նա տեղյակ է եղել մրցույթի այլ մասնակիցների գնառաջարկներից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտնաբերված ենթադրյալ խախտումներն իրենց ապացույցներով ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։
The post Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից appeared first on FIP.AM.