MediaHub-ի տեղեկություններով` շուտով կսկսվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստերը. այսօր ավարտվում են քննչական գործողությունները։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։
Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- MediaHub-ին ասել էին ՔԿ-ից։
Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։
Մի քանի շաբաթ առաջ էլ Արշակ արքեպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։