Որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պարգևավճարների մասին

Պարգևավճարները բաժանվել են ըստ կարգի և  կատարողականի, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես՝ որպես իրավաբան, չեմ տեսնում։


Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրված պարգևավճարների հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։


«Մենք «կոռուպցիա» հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները: Երբ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես ՔՕ-ի կոռուպցիա» – ասել է Նահապետյանը։


Նա հայտնել է, որ պարգևավճարների բաժանման հետ կապված կա կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան կարգ և պարգևավճարները բաժանվել են ըստ կարգի և ըստ կատարողականի:


Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ նույնպես եղել են։


«Առաջիկայում, երբ մենք ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել է», – նշել է Նահապետյանը։


 


Leave a comment