ՀՀ-ն պետք է մաս կազմի Հարավային Կովկասի անվտանգային համակարգին․ մնացածը կենացների մակարդակի լիրիկա է

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանի շուրջ սրվող լարվածությունը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Ալիևի հակահայկական հռետորաբանությունը և Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական շեշտադրումները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար, մի շարք հարցեր են առաջացնում։ Փորձեմ անդրադառնալ դրանցից մեկին։

2026 թ․ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» խաղաղության և անվտանգության օրակարգի հիմքում հիմնականում դնում է տնտեսության «թռիչքաձև զարգացման» բանաձևը և առաջիկայում հենց դրանով է փորձում պայմանավորել պետության կայունությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը և բնականաբար իր օգտին տրված ընտրաքվեները։

Սակայն, իրականում այդ ամենն ավելի ու ավելի է սկսում նմանվել գովազդային կարգախոսների, որոնք ստվերում են Հայաստանի առջև կանգնած իրական մարտահրավերները։

Ավաղ, հարկ է նշել, որ հասարակության մի հատվածի համար այդ խոստումները մինչ օրս ստեղծում են «էժան դոֆամինի» էֆեկտ՝ կարճաժամկետ հուզական բավարարում՝ առանց պատասխանատվության և ծանր, բայց անհրաժեշտ քաղաքական դատողությունների։
Սա «տնտեսական լավատեսություն» է՝ զուրկ աշխարհաքաղաքական իրատեսությունից. գրքային ճշմարտություն է, որ տնտեսական զարգացումը չի կարող դիտարկվել աշխարհաքաղաքական հաշվարկներից անջատ։

Ի դեպ, Հայաստանի արտաքին պարտքի ծավալները, աղքատության մակարդակը, գնաճը և գնողունակության անկումը դժվար է համադրել ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվող տնտեսության «թռիչքաձև զարգացման» պատկերի հետ։
Դեռ XX դարի սկզբին ֆրանսիացի սոցիոհոգեբան Գուստավ Լը Բոնը նշում էր, որ ամբոխը արձագանքում է ոչ թե փաստարկներին, այլ պատկերներին և ներշնչանքներին։ Այսօր այդ Լը Բոնյան տրամաբանությունը ամրագրվում է նաև սոցիալական ցանցերի ալգորիթմներում, որոնց ճիրաններում է նաև հայ ժողովրդի զգալի հատվածը։

44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը, և հատկապես Հայաստանը, այլևս չեն կարող դիտարկվել գերազանցապես որպես տնտեսական տարածք։ Տարածաշրջանը եղել է և հատկապես հիմա շարունակում է մնալ մի շարք խոշոր խաղացողների շահերի բախման գոտի, որտեղ ուժային գործոնը շարունակում է մնալ որոշիչ։

Հետևաբար, Հայաստանի տնտեսական կայունությունը կարող է լինել իրական միայն այն դեպքում, երբ այն հենված լինի Հարավային Կովկասում ուժերի վերականգնված հավասարակշռության վրա, որն այս պահին բացակայում է։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այստեղ բազմաթիվ դեպքերում հանդես է գալիս որպես գերակշռող գործոն` մնալով սողացոր սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Չթերագնահատելով ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Վենսի Երևան կատարած այցը, որը մի շարք առումներով էական էր, պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի համար իրական խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վերականգնման պարագայում։

Հայաստանը պետք է մաս կազմի Հարավային Կովկասի անվտանգային համակարգին, մնացածը մեծ հաշվով կենացների մակարդակի լիրիկա է:
Հայաստանի և հայ ժողովրդի համար սա ռևանշիզմ չէ և ոչ էլ էյֆորիկ հոգեվիճակ․ սա քաղաքագիտական օրինաչափություն է և աշխարհաքաղաքական շահերի սպասարկման մեթոդաբանություն, որոնց անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- գրել է նա:

Leave a comment