«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր

«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» (TRIPP) համաձայնեցված են, և սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որը այցով գտնվում է Բաքվում։

«Հայաստանը նավթամթերք է գնում Ադրբեջանից, և դա անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին», – ասել է նա։

Օքթայը Բաքվում մասնակցելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպմանը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների ՝ մամուլի համար իր հայտարարության մեջ Օքթայը նշել է, որ Թուրքիայում նախորդ հանդիպումից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ և փոփոխություններ։

Հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) վերաբերյալ, որը, ըստ թուրք պաշտոնյայի, հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք», Օքթայն ընդգծել է, որ սկսվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկիզբը կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին։ Թուրքիայի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նախապայման էր»,- ասել է պաշտոնյան։

Նա կարծում է, որ Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ւղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, թուրք  ու  ադրբեջանցի տարբեր  պաշտոնյաներ շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment