Հաղթանակ կամրջից քաղաքացու նետվելու մասով նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

Ըստ ԶԼՄ-ների՝ մահացած տղամարդը Սյունիքի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն էր


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։


ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։


«Նովոստի-Արմենիա»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ։


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն», -նշված է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ մահացած տղամարդը Սյունիքի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն էր։ ՆԳՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը։


 


Leave a comment