«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ՝ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։
«Մենք պահանջում ենք բաց, մասնագիտական քննարկում Ազգային ժողովում։ Չի կարելի նման ծավալի ռեֆորմ իրականացնել առանց ոլորտի լայն մասնակցության։ Մեզ ասում են՝ հարմարվեք, բայց մենք ուզում ենք հասկանալ՝ ինչին», – նշում էր ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ բժիշկ ընդգծեց. «Համապարփակ ապահովագրությունը կարող է լինել արդյունավետ գործիք, բայց ներկայիս տարբերակով այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում՝ սկսած ֆինանսավորման մոդելից մինչև բժշկական կազմակերպությունների բեռի ավելացում։ Մինչև այդ հարցերը չքննարկվեն, մենք չենք կարող լռել»։
Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։
Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։
Միևնույն ժամանակ, նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանն շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Մարդ, ով եղել է այսօրվա նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարը»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն:
Մինչդեռ դա բնական երեւույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։ Իրականում, այս քարոզչության թիրախը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում ու բոլոր շանսերն ունի՝ իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանությունը վերցնելու հարցում: «Գյումրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանությունները թերեւս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարից։ Իրականում պարզ է, որ իշխանությունը սարսափում է այս սցենարից, հակառակ դեպքում անխնա հակաքարոզչություն չէր իրականացնի։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կանգնած են Վրաստան–Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների, իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները։
Մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։ Խոսքը ռազմավարական նշանակության բեռների մասին է՝ վառելանյութ, էներգակիրներ, փայտանյութ, որոնք ուղղակիորեն ազդում են ներքին շուկայի գների և մատակարարումների կայունության վրա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը բարձրացվել է միջպետական շփումների մակարդակով, սակայն առանց հստակ արդյունքի։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, ըստ տեղեկությունների, հարցի շուրջ տվել է ոչ կոնկրետ, ձևական պատասխաններ՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշումից։ Որևէ հրապարակային պարզաբանում կամ պաշտոնական հաղորդագրություն չկա նաև հայկական կողմից։
Հայկական ընկերություններն ամեն օր կրում են ֆինանսական վնասներ՝ կանգառի, սպասարկման, ժամանակի և պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացող տույժերի տեսքով։ Ընկերությունները փաստացի հայտնվել են անորոշության մեջ, իսկ շուկան՝ հնարավոր ցնցումների վտանգի տակ։
Մեր տեղեկություններով, խնդրի շուրջ ներսում ևս ընտրովի միջամտություններ են եղել։ Մեր աղբյուրները պնդում են, որ իշխող ուժի պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով՝ «յուրայինների» համար, մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։
Մինչ այս ամենը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը որևէ տեսանելի գործողություն չի ներկայացրել։ Փոխարենը նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Սակայն այստեղ հարցը թվերի մասին չէ։ Խոսքը մարդկանց, բիզնեսների և մատակարարման շղթաների մասին է։ Եթե սահմանին ձևավորվում է արհեստական արգելք, ապա դա ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրի տնտեսական անվտանգության խնդիր է։
Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ պատասխան՝ ովքե՞ր և ինչո՞ւ են պահանջում վերոնշյալ 700 դոլարը, կա՞, արդյոք, պաշտոնական որոշում վրացական կողմից, և ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայկական կառավարությունը։
Մինչ այդ, սահմանին կանգնած վարորդները շարունակում են սպասել՝ իրենց հաշվին վճարելով ոչ միայն գումար, այլև պետության անգործության պատճառով հայտնվելով կոլապսի առաջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում