«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առցանց տաքսի ծառայությունների ոլորտի արագ զարգացումն ու թվային հարթակների հետևանքով առօրյա կյանք մուտք գործած նոր սովորությունները հաճախ ծածկում են այն բազմաշերտ հարցերը, որոնք պահանջում են հասարակության ու պետության լուրջ ուշադրությունը։ Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է սովորական և հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար, իսկ կարգավորումների բացակայությունը կամ թերությունը խորացնում է աշխատանքային իրավունքների ոտնահարումները։
Այսպիսով, ուղևորների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է գնագոյացման անհասկանալի մեխանիզմներով, երբ նույն ճանապարհի համար տարբեր ժամանակահատվածներում կամ եղանակային պայմաններում գինը կտրուկ փոխվում է՝ մեծամասամբ զուրկ լինելով տրամաբանական բացատրությունից, ինչը ստեղծում է այն զգացողությունը, որ սակագները պայմանավորված չեն օբյեկտիվ շուկայական կամ ծառայության որակի չափանիշներով, այլ կամայական որոշումների արդյունք են։ Պատահում է այնպես, որ մի թեթև անձրևի ժամանակ գինը կարող է գրեթե կրկնապատկվել՝ առանց իրական անհրաժեշտության, մինչդեռ իրապես բարձր պահանջարկի պայմաններում, երբ փողոցները լիարժեք երթևեկելի են, գինը կարող է անհասկանալի կերպով ավելի ցածր լինել, քան բարդ եղանակային պայմաններում։ Ընդհանուր առմամբ, տաքսու գներն օրվա ընթացքում մեծ չափերով տատանվում են, որոնք պայմանավորող հանգամանքները դժվար է չափելի համարել։ Իսկ այս պայմաններում ստեղծված անորոշությունը ստիպում է քաղաքացիներին կասկածել գնագոյացման արդարության և ծառայություն մատուցողների թափանցիկության նկատմամբ։
Մյուս կողմից էլ՝ խնդիրների երկրորդ, ոչ պակաս կարևոր հատվածը վերաբերում է հենց վարորդներին, ովքեր, լինելով այս համակարգի անփոխարինելի օղակը, բարդ իրավիճակի են բախվում, քանի որ Հայաստանում գրանցված շուրջ 120 հազար օնլայն տաքսի վարորդների մեծ մասը զրկված է հիմնական աշխատանքային երաշխիքներից, չնայած նրանցից շատերն օրական միջինը 10 ժամ աշխատում են։ Վարորդների բողոքների հիմնական մասը բաժին է ընկնում նրան, որ իրենց վաստակած գումարի զգալի մասը գնում է միջնորդավճարներին և հարկերին, մինչդեռ նրանք փաստացի չունեն սոցիալական որևէ պաշտպանություն, քանի որ հաճախ նույնիսկ գրանցված աշխատող չեն համարվում և, հետևաբար, չեն կարող օգտվել առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգից կամ այլ սոցիալական արտոնություններից, որոնք բնորոշ են ֆորմալ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին։
Այս իրավիճակը խորանում է նաև այն պատճառով, որ վարորդները գտնվում են կախվածության մեջ առցանց հարթակների կողմից սահմանված խիստ կանոններից, սակայն չունեն հնարավորություն՝ պաշտպանելու իրենց շահերը կամ ազդելու միջնորդավճարների չափի վրա, ինչը նրանց դարձնում է խոցելի թիրախ շուկայական տատանումների և ընկերությունների կամայական որոշումների առջև։
Անցած տարի օնլայն տաքսիների ոլորտում կատարված կարգավորումները փորձեցին լուծել հարկային վարչարարական որոշ խնդիրներ՝ սահմանելով, որ պատվերներն օնլայն հարթակով ընդունող վարորդները ազատվում են հարկերը հաշվարկելու և փոխանցելու, ինչպես նաև դրամարկղային սարք ձեռք բերելու պարտավորությունից, քանի որ այդ գործառույթներն ամբողջությամբ փոխանցվեցին կազմակերպություններին կամ հարթակներին, որտեղ կտրոններն ավտոմատ գեներացվում են հավելվածում։ Սակայն այս քայլը, մի կողմից թեթևացնելով վարորդի վարչարարական բեռը, մյուս կողմից էլ ավելի ամրապնդեց առցանց հարթակների դիրքերը՝ նրանց դարձնելով ոչ միայն ուղևորի և վարորդի միջև միջնորդ, այլև ոլորտի հարկային և վարչական կենտրոնական օպերատոր։
Այժմ այս առցանց հարթակներն են հավաքում վարորդների տվյալները, հաշվարկում ու փոխանցում հարկերը, վերահսկում վճարումները և իրականացնում գրեթե բոլոր վարչարարական գործընթացները, ինչը տեսականորեն պետք է ապահովեր կարգուկանոն, բայց գործնականում հանգեցրել է նրան, որ խոշոր ընկերությունները դարձել են ոլորտի առանցքային դերակատարներ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով հսկայական տվյալների բազա և լծակներ՝ շուկայական պայմաններ ու գներ թելադրելու համար։ Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ գործնականում մասնավոր ընկերությունները ստանձնում են կարգավորողի այն դերը, որը, բնականաբար, պետք է ունենար պետությունը՝ ապահովելու համար շուկայի արդար մրցակցությունը, սպառողների և աշխատողների իրավունքների պաշտպանությունը։
Առցանց հարթակներ սպասարկող ընկերությունների կողմից շուկայի մոնոպոլացման կամ օլիգոպոլիկ վերահսկողության սպառնալիքը դառնում է ավելի շոշափելի, երբ տվյալների կենտրոնացումը թույլ է տալիս ազդել ոչ միայն գնագոյացման, այլև վարորդների աշխատավարձերի և աշխատանքային ռեժիմի վրա՝ առանց որևէ արտաքին վերահսկողության կամ թափանցիկության մեխանիզմների։ Այս իրավիճակում միայն պետության ակտիվ միջամտության և համապարփակ քաղաքականության միջոցով հնարավոր կլինի հաղթահարել առկա հակասությունները և կարգավորել օնլայն տաքսիների ոլորտը, որի արդյունքում լուծումներ կստանան ինչպես ուղևորներին, այնպես էլ տաքսիստներին անհանգստացնող խնդիրները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում