Փետրվարի 23-ին միջազգային ֆինանսական կազմակերպություններին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ 7,9 մլն ԱՄՆ դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով վարկային պարտավորություններ են մարվել բացառապես սեփական միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը կայուն է, իսկ մոտ օրերս կմեկնարկեն շուրջ 50 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով ներդրումային ծրագրի գնումների գործընթացները։
«Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են Ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100մլն ԱՄՆ դոլար։
ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն և հուսալի վիճակում.
մոտ օրերս կմեկնարկենք գրեթե 50մլրդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով Ներդրումային ծրագրի գնումների գործընթացները՝ շուրջ երեք տասնյակ լոտերով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտերով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու հարակից նյութերը։
Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ եւ ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»,- գրել է նա։