Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը ենթակա է էական փոփոխության․ Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի 25-րդ տարեդարձին

Առանց ջրի վերաբերյալ մեր վերաբերմունքի փոփոխության հնարավոր չէ հասնել բան փոխել, ասել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության է ենթակա, և առանց այդ վերաբերմունքի փոփոխության հնարավոր չէ բան փոխել։


Այս մասին այսօր Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ ՀՀ-ն ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է:


«Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի 3 լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը», – նշել է Փաշինյանը:


Նրա խոսքով՝ կյանքը փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների, և մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ մենք չենք հասկանում և չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը՝ չըմբռնելով, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։


«Ջրային ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ մենք չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», – նշել է վարչապետը:


Փաշինյանը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է:


Ըստ վարչապետի՝ ջրային ոլորտում առկա հարցերը լուծելու համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները:


Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են ՀՀ պաշտոնատար անձինք։

Leave a comment