Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը կհաստատվի. Ժան-Նոել Բարո


Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ 20-րդ փաթեթը պատրաստ է և կհաստատվի առաջիկայում՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ երկուշաբթի, Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ, որի ժամանակ կքննարկվեն հակառուսական վերջին պատժամիջոցները։


Ֆրանսիայի արտգործնախարարի վստահությունը, սակայն, չի կիսել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:


«Եվրամիության երկրներն, ամենայն հավանականությամբ, համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Կիևի դեմ Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող որոշ սահմանափակումներին:


Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: Հունգարիայի այդ քայլը պայմանավորված է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցմամբ: Հունգարիան և Սլովակիան Կիևին մեղադրել են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար:


Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը տարակուսանք է հայտնել Հունգարիայի դիրքորոշման կապակցությամբ: Նրա համոզմամբ՝ պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը և Հունգարիային կոչ է արել վերանայել Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ընդունումն արգելափակելու որոշումը:


Եվրոպական հանձնաժողովի առաջարկած  պատժամիջոցների 20-րդ փաթեթը նախատեսում է, մասնավորապես, ծովային ծառայությունների համապարփակ արգելք ռուսական նավթով լցանավերի համար։

Leave a comment