«The Magic of English»․ նոր կրթական նախաձեռնություն, որը բաց է բոլոր երեխաների համար

Վերջին տարիներին կրթական ոլորտում հաճախ է հնչում նույն հարցը․
ինչպե՞ս սովորեցնել անգլերեն այնպես, որ այն չլինի միայն դասագրքային ու գնահատականի համար, այլ դառնա իրական հմտություն։

Այս հարցի պատասխաններից մեկը փետրվարի 20-ին ներկայացվեց հանրությանը՝ Կորիզ կրթական ծրագրի և Global Bridge կրթահամալիրի համագործակցությամբ մեկնարկած նոր համադպրոցական նախաձեռնության՝ «The Magic of English» անգլերենի մրցույթի շրջանակում։

Սա անգլերենի մրցույթ և ուսուցողական հարթակ է, որը նախատեսված է
Հայաստանի հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի բոլոր աշակերտների համար և հիմնված է  միջազգային կրթական ծրագրերի վրա։

«Մենք ուզում էինք ստեղծել մի ձևաչափ, որտեղ անգլերենը դառնում է վստահություն»

Global Bridge կրթահամալիրի տնօրեն Աննա Հարությունյանը նշում է, որ նախաձեռնության հիմքում ոչ թե մրցակցությունը, այլ կրթական ճանապարհն է․

«Այսօր անգլերենը պարզապես առարկա չէ։ Դա լեզու է, որով երեխան շփվում է աշխարհի հետ։
Մենք ցանկանում էինք ստեղծել մի հարթակ, որտեղ երեխան չի վախենում սխալվելուց, այլ սկսում է վստահորեն կիրառել լեզուն՝ իր մտածողության մեջ»։

Նրա խոսքով՝ «The Magic of English»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը քայլ առ քայլ զարգանա՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակից է սկսում։

Մրցույթ, որը նախատեսված է ոչ միայն «ուժեղների» համար

«Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը ընդգծում է, որ այս նախաձեռնությունը արմատապես տարբերվում է դասական օլիմպիադաներից։

«Սա մրցույթ է, բայց ոչ այն իմաստով, որ մասնակցում են միայն գերազանց սովորողները։ Մենք հատուկ նախագծել ենք այս ձևաչափը, որպեսզի յուրաքանչյուր երեխա զգա՝ սա իր համար է»։

Նրա խոսքով՝ «The Magic of English»-ը միավորում է
ուսուցում, խաղային մոտեցում և մրցակցություն՝ դարձնելով սովորելը հետաքրքիր և հասանելի։

«Մեր նպատակն է, որ երեխաները ոչ միայն պատասխանեն հարցերի, այլ սկսեն մտածել անգլերեն, հասկանալ լեզուն և կիրառել այն տարբեր իրավիճակներում։ Սա հմտություն է, որը կարող է փոխել նրանց ապագան»։

Մրցույթ, որտեղ շահում են բոլորը

Նախաձեռնության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, մրցույթը կառուցված է այնպես, որ
✔️ խրախուսվում է աշակերտի առաջընթացը,
✔️ գնահատվում է ուսուցչի ներգրավվածությունը,
✔️ կրթական հաջողությունը դառնում է դպրոցի ընդհանուր արդյունք։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով՝ երկու առցանց և մեկ առկա փուլով,
իսկ հաղթողների անունները կհայտարարվեն Koreez կրթական ծրագրի ավանդույթ դարձած մեծ մրցանակաբաշխության ընթացքում։

Ինչպե՞ս մասնակցել «The Magic of English»-ին

Մասնակցությունը բաց է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի աշակերտների համար։

Ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին՝ այցելելով www.koreez.am կայքը և ընտրելով «The Magic of English» մրցույթը։

«Կորիզ» կրթական ծրագիրը և Global Bridge կրթահամալիրը վստահ են, որ այս համագործակցությունը նոր մշակույթ կհաստատի անգլերենի ուսուցման և մրցույթների ոլորտում՝ ստեղծելով կրթական փորձառություն, որին կցանկանան մասնակցել հազարավոր երեխաներ ամբողջ երկրից։

📞 Հեռ․՝ (098) 89 09 22
📧 Էլ․ փոստ՝ [email protected]

«Կորիզ» կրթական ծրագրի
բովանդակության ղեկավար
Արաքսյա Հակոբյան

 

–00—ԱՊ

Leave a comment