ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որտեղ ընդգծել է ջրային ոլորտի խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի միայն փոքր մասն է ոռոգվում, ինչը տարօրինակ է, քանի որ երկիրը ջրային ռեսուրսներով հարուստ է: “Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը,” – նշել է նա:
Վարչապետը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի չոռոգվող հողեր չլինեն: “Մենք պետք է խնդիր դնենք, որ տարբեր նշանակության հողեր դառնան այգիներ,” – ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ կաթիլային ոռոգումը և ինտենսիվ գյուղատնտեսությունը պետք է լինեն լուծումները: Վարչապետը կոչ է արել կրթության միջոցով լուծել ջրային ոլորտի խնդիրները, քանի որ առանց գիտելիքի և հմտությունների ավելացման, հնարավոր չէ առաջընթաց ունենալ:
Նշենք, որ երբ ՀՀ վարչապետը նշում է, որ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու “մեր” ընդունակությունը, ապա նա զարմանալիորեն ճիշտ է խոսում, քանզի ՀՀ կառավարությունն իսկապես կառավարելու ընդունակության խնդիր ունի՝ նա ունակ չէ արդյունավետ կառավարել։