Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վեց պահեստային տարածք է վարձակալել ԱՄՆ-ի ողջ տարածքում, որտեղ իշխանություններից թաքցրել է իր անձնական արխիվը, գրում է բրիտանական The Telegraph-ը: Թերթի կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ Էփշտեյնը վարձել է մասնավոր խուզարկուների՝ Ֆլորիդայի իր տնից և Կարիբյան ծովի մասնավոր կղզուց համակարգիչներ և այլ նյութեր հանելու համար, ակնհայտորեն՝ դրանք քննիչներից թաքցնելու փորձի համար։
Նշվում է, որ Էփշտեյնը վարձակալել է Ֆլորիդայի պահեստային տարածքներից մեկը առնվազն 2003 թվականից, և կանոնավոր վճարումներ են կատարվել մինչև 2019 թվականը, երբ նա մահացել է բանտում։ 2000-ականների կեսերին ֆինանսիստը, ստանալով տեղեկատվություն սպասվող խուզարկության մասին, խուզարկուներին վճարել է տասնյակ հազարավոր դոլարներ՝ իր արխիվը Նյու Յորքի գաղտնի պահեստ տեղափոխելու համար։
Ընդ որում, քննիչներն այդպես էլ խուզարկություններ չեն անցկացրել այդ տարածքներում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ այնտեղ կարող են գտնվել Էփշտեյնի գործով նախկինում չուսումնասիրված նյութեր, նշում է The Telegraph-ը:
Թե ինչ է եղել արխիվի հետ, որը թաքցրել են գաղտնի պահոցներում, մնում է անհասկանալի, հավելում է թերթը։