Կասեցվել է հայտնի մսամթերքի ապրանքանիշի երկու արտադրատեսակների արտադրությունը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։
Ըստ ՍԱՏՄ-ի հաղորդագրության, «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»)։
Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» և ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
«Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվի տնօրենին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Նշվում է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: